Փաստաբան Արամ Վարդևանյանը NEWS.am–ի հետ զրույցում անդրադարձել է իշխանական լրատվամիջոցների այս նկատառմանը․ «Թեպետ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի արգելքը հանված է, վերջինս ուղերձն էլ ընտրողների «լայն զանգվածին» ներկայացրին արհեստական բանականությամբ»։
Նա մասնավորապես հայտնել է. «Իսկապես, ինչ-որ տեղ զարմանալի է, որ նման հարց առաջացել էր։ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքով հանդես գալու սահմանափակումը վերացվել է, սակայն տեսա- կամ ձայնային ուղերձով հանդես գալու հնարավորությունը որևէ կերպ ամրագրված չէր։ Այդ իսկ պատճառով, նշված հարցի վերաբերյալ իմ կողմից ներկայացվել էր դիմում-հարցում թե՛ քննչական մարմնին, և թե՛ հսկող դատախազին, որպեսզի հնարավորություն ընձեռվեր, որ Սամվել Կարապետյանը հրապարակային հենց տեսաձայնային ուղերձով հանդես գար։
Սակայն քննչական մարմնից ստացված պատասխանը ըստ էության համաժեք էր մերժմանը, իսկ դատախազությունից մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել։ Իսկ ելնելով այն իրավիճակից, որ Սամվել Կարապետյանի դեպքում շուրջ 200 օր կալանքն է եղել որպես խափանման միջոց՝ բացառապես մեր ձևով եկեղեցուպաշտպանությանը մասնակցելուարտահայտության համար, կարծում եմ առավել քան հստակ է, թե փաստաբանական թիմը ինչ դիրքորոշում պետք է ունենար՝ արդյոք նման տեսաուղերձը թույլատրելի կլիներ, թե ոչ, թե արդյոք կհանդիսանար որպես խափանման միջոցի պայմանների հնարավոր խախտում, թե ոչ։
Այդ իսկ պատճառով իրավիճակը այն է, որ կարող ենք արձանագրել, որ քննչականը և դատախազությունը չեն տվել հնարավորություն տեսաուղերձով հանդես գալու համար Սամվել Կարապետյանին։ Բայց միգուցե նաև հենց այս քննարկումը լավ առիթ է արձանագրելու այն, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը, որը սկիզբ է առել 2025 թվականի հունիսի 17-ից, արդեն վերածվել է մեկ այլ բնույթի քաղաքական հետապնդման, քանի որ Սամվել Կարապետյանը, այլևս հանդիսանալով քաղաքական գործընթացի ակտիվ մասնակից, ունի անհավասար պայման՝ ելնելով հենց քաղաքական հետապնդումից, որն էլ իրականացվում է մեկ այլ քաղաքական ուժի կողմից ձևավորված իշխանության ներկայացուցիչների կողմից։
Հետևաբար, ինչն էի ուզում հատուկ արձանագրել, որ ստեղծված իրավիճակում, երբ խափանման միջոցը արդեն շուրջ 8 ամիս է ինչ կիրառված է, և որևէ մեկ անգամ դրա նույնիսկ նվազագույն մեկնաբանման նույնիսկ տիրույթում խախտման մասին խոսք չի եղել, ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը պետք է վերացվի անհապաղ՝ նաև ելնելով քաղաքական և քաղաքացիական իրավունքների մրցակցության, հավասարության երաշխիքների ապահովման տեսանկյունից»։
