ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի մահվան գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանը շարունակում է ազատության մեջ լինել, դատավճիռն էլ մինչ օրս չի ուղարկվել կողմերին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տուժողի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը։
Նա բացատրեց՝ Արամ Նավասարդյանը կարող է արգելանքի վերցվել միայն այն դեպքում, երբ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի, իսկ այս դատավճիռը դեռևս կատարման ենթակա չէ։ Թեպետ օգոստոսի 18-ին դատարանը որոշեց Արամ Նավասարդյանին ազատազրկել 1 տարի 6 ամիս ժամկետով, սակայն չփոխեց նրա խափանման միջոց բացակայելու արգելքը, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
«Դատավճիռը դեռևս կողմերին չի ուղարկվել այս պահի դրությամբ, կողմերին ուղարկվելուց հետո այն բնականաբար բողոքարկվելու է և դատական վերանայման առարկա է դառնալու։ Եթե բոլոր դատական ատյաններում, այսինքն՝ հետագայում վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում դատավճիռը մնա անփոփոխ, նոր միայն օրինական ուժի մեջ է մտնելու, և այդ ժամանակ պատժի կրման, դատավճռի կատարման հարց է բարձրացվելու։ Քանի դեռ դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել, վաղեմության ժամկետի ընթացքը դեռ հոսում է»,- բացատրեց Ասլանյանը։
Նրա խոսքով՝ եթե գործընթացը շարունակվի ձգձգվել և դատավճիռն օրինական ուժի մեջ չմտնի մինչև 2027թ․ ապրիլի վերջ, այսինքն՝ Սոնա Մնացականյանի մահվան 5-րդ տարելիցը, կստացվի, որ Արամ Նավասարդյանն էլ կազատվի պատժից վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Ինչու՞ դատավոր Կարեն Ֆարխոյանը մինչ օրս չի ուղարկել դատավճիռը կողմերին․ կոնկրետ այս հարցում փաստաբանը դիտավորություն չի կարող տեսնել, որովհետև դատարանները ծանրաբեռնված են, և դատավճիռներ կան, որոնք 3-6 ամիս հետո են ուղարկվում կողմերին։ Սակայն Ասլանյանն ընդգծում է՝ արդեն 4 տարի է՝ ասում է, որ իշխանության միջամտությամբ գործը ձգձգվում է։
«Տեսեք. օրինակ՝ Դավիթ Համբարձումյանի (Մասիսի համայնքապետ, հոկտեմբերի 23-ին ազատազրկման դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով–խմբ.) պարագայում դատարանը նրան մեղավոր ճանաչեց և անմիջապես խափանման միջոցը փոխեց կալանավորման, որովհետև կար հստակ, ուղիղ պատվեր իշխանության կողմից։ Հիմա այս դեպքում մեղավոր ճանաչեց, դատավճիռ կայացրեց, պատիժ նշանակեց, բայց կալանավորում չկա։ Սա արդեն իշխանության պատվերն է, ամեն ինչն արվում է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Սա միայն կույրը չի կարող տեսնել»,- նշեց նա։
Որպես համեմատություն փաստաբանը հիշեցրեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը, երբ դատավորին, նրա խոսքով, պարտադրեցին արագ՝ 2 ամսում, ավարտել գործը։
Հավելեց՝ դեռ խոսում ենք միայն ավտոմեքենայի վարորդի մասին, սակայն ավտոշարասյան ղեկավար կազմի մասով գործն առհասարակ նախաքննության փուլում է։ Այս 4 տարիների ընթացքում արդեն 2 անգամ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում է կայացվել, 2 անգամ էլ դատարանները խախտում են արձանագրել, վերացրել են որոշումները։ Մինչ օրս քննություն չի կատարվում նաև ոչնչացված կամ թաքցված ձայնագրությունների հայտնաբերման ուղղությամբ։
«Շրջապտույտի մեջ ենք, ու ամենայն հավանականությամբ վաղեմության ժամկետը լրանալու է»,- եզրափակեց Ասլանյանը։
Հիշեցնենք` 2022 թ. ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ վարչապետին ուղեկցող մեքենան Երևանում վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել էր։
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը վրաերթից հետո հեռացել էր, սակայն 2 ժամ անց վերադարձել էր դեպքի վայր ու մասնակցել քննչական գործողություններին։ Տղամարդը ձերբակալվել էր, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ չբացակայելը։
Սեպտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի ավտոշարասյան պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի, և գործը կկարճվի։
Նշենք, որ մեղադրող դատախազը պահանջեց Արամ Նավասարդյանին դատապարտել 2 տարի 6 ամսվա ազատազրկման։ Դատախազ Արմեն Բեգլարյանը նաև պահանջեց որպես լրացուցիչ պատիժ ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանին 1 տարով զրկել մեքենա վարելու իրավունքից:
Հոկտեմբերի 18–ին դատարանը, Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, որոշեց Արամ Նավասարդյանին ազատազրկել 1 տարի 6 ամիս ժամկետով։ Բացի այդ, մեկուկես տարով նրան զրկեց ավտոմոբիլ կամ այլ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից և որոշեց տուժողի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի օգտին բռնագանձել 4 մլն դրամ։ Հղի կնոջը վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը քրեակատարողական հիմնարկում պատիժ կկրի 1 տարի 5 ամիս և 26 օր։
