ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե բարերար Սամվել Կարապետյանին թույլատրել են տեսաուղերձով հանդես գալ, հերթական մանիպուլյացիան էր և հանրությանը մոլորեցնելու փորձը, քանի որ հենց այսօր` այդ հայտարարությունից ժամեր անց է քննչական կոմիտեն բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը և թույլատրել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ։ Այս մասին հայտարարել է Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Նշենք, որ այսօր ավելի վաղ ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը կարող է հանդես գալ ուղիղ եթերում, կարող է օգտվել իր ձեռքի տակ եղած հնարավորություններից, դրանում ոչ մի խոչընդոտ չկա։
«Շատ կարևոր է արձանագրելը, որ այս պահի դրությամբ, երբ ես ներկայացնում եմ այս տեսանյութը, ես դեռևս որոշում չեմ ստացել քննչական կոմիտեից»,–նշել է Վարդևանյանը։
Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում Վարդևանյանը նշել էր, որ Կարապետյանի տեսաուղերձով հանդես գալու հարցը այս տարվա մարտի 13–ի դատական նիստի ընթացքում է ներկայացրել, սակայն ո՛չ քննիչը, ո՛չ դատարանը տեսաուղերձի հրապարակման վերաբերյալ իրենց համաձայնությունը կամ թույլատրելիությունը չեն արձանագրել. դատարանը թույլտվություն տալու իրավասությունը թողել էր քննիչի վրա։
Դատական այս ակտը Վարդևանյանը առձեռն ստացել է մարտի 17–ին և արդեն իսկ մարտի 18–ին քննիչին ներկայացրել է միջնորդություն, որպեսզի նա թույլատրի Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ։
