Логотип

Պաշտպան․ 18-ամյա Դավիթ Մինասյանին վերակենդանացման բաժանմունքից պալատ են տեղափոխել

Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ՝ թեպետ շարունակում է ունենալ ուժեղ գլխապտույտներ և մի շարք այլ առողջական խնդիրներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանը՝ նշելով, որ իր գնահատմամբ՝ Դավիթի առողջական վիճակում էական դինամիկա չկա։

«Մայրը նրան չի տեսակցել, որովհետև տեսակցություններն արգելված են, միայն պաշտպաններն են կարողանում Դավիթին այցելել։ Երեկ մյուս պաշտպանը՝ Լուսինե Մարտիրոսյանը, նաև փորձել է կերակրել Դավիթին, սակայն նա հրաժարվել է»,- ասաց Էլբակյանը։

Ինչ վերաբերում է Դավիթի նկատմամբ ընտված խափանման միջոց կալանքի փոփոխությանը՝ պաշտպանները դեռ սպասում են վերաքննիչ բողոքի մակագրությանը, որ պարզ լինի, թե որ դատավորն է հարցը քննելու։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ներկայացված միջնորդությունից ևս որևէ նորություն չկա։

Sputnik Արմենիա