Логотип

Պապիկյանը Փեզեշքիանի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթուղթը

Իրանը վճռական է լրամշակել Հայաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրանում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է իրանական Irna լրատվական գործակալությունը։

«Իրանի նախագահը ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթուղթը լրամշակելու Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամության մասին»,- գրում է գործակալությունը։

Փեզեշքիանն ընդգծել է, որ քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և ենթակառուցվածքային ոլորտներում հարաբերությունների մակարդակի բարձրացումը բխում է երկու ժողովուրդների շահերից։

ՀՀ պաշտպանության նախարարությունից էլ հայտնում են, որ հանդիպման ընթացքում երկուստեք ընդգվել է Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների շարունակական զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը:

Պապիկյանն ընդգծել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի՝ դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը:

Մտքեր ենք փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ։

Հիշեցնենք` Պապիկյանը փետրվարի 23-ին Իրան է մեկնել պաշտոնական այցով։

Ավելի վաղ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտնել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթը կստորագրվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այս տարի Թեհրան կատարելիք այցի ընթացքում:

Sputnik Արմենիա