2022–25 թթ. Հայաստանում զինված ուժերի համալրումը դրական սալդո ունի։ Այդ մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա պատասխանեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիտարկումներին, որոնց հիմնական մասը վերաբերում է 2022 թվականից մեկնարկած «Պաշտպան հայրենյաց» ծրագրին։
«Որպես պայմանագրային ծառայության գրավչության բարձրացմանն ուղղված ծրագիր` ներկայացրել եք «Պաշտպան հայրենյացը» և նշել, որ այս ծրագրի մեկնարկից սկսած 4 225 զինծառայող է ներգրավվել։ Նշել եք նաև, որ այս ծրագրի շնորհիվ է, որ նախարարությունը գնացել է զինծառայության ժակետի կրճատման։ Այս թիվը դուք ներկայացրել եք` որպես դրական բալանս, սակայն պետք է ներկայացնենք նաև մի քանի այլ թվեր, որ 2022–25 թթ. համատեքստում ամբողջական ամբողջական պատկեր լինի»,– հայտարարեց պատգամավորը։
Օրինակ, ըստ նրա` նախարար Պապիկյանը պետք է ներկայացնի, թե որքա՞ն պայմանագային զինծառայող է` առանց «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, այս ժամանակահատվածում լուծել պայմանագիրը կամ չի երկարաձգել այն։
Բացի այդ, Աբրահամյանը նաև հետաքրքրվեց, թե մեկ տարվա ընթացքում միջինացված որքա՞ն մարդ է զորակոչվում` հասկանալու համար դրական–բացասական սալդոն։
«Հանրության կողմից ժամկետի կրճատումն ընկալվել է որպես դրական քայլ, սակայն երբ սառն են սկսում դատել, արդեն վերլուծում են, թե միջնաժամկետ կամ երկարաժամկետ հատվածում ի՞նչ է դա տալու անվտանգության առումով»,– ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։
Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ իրենց վերլուծությունները ցույց են տվել, որ 2022–25 թթ. մարդկային ռեսուրսի ավելացումն էապես ավելին է լինելու, քան 4 225 թիվն է։
Նա նաև ընդգծեց, որ զորակոչի ու, ընդհանրապես, զինված ուժերի քանակի մասին տվյալները գաղտնի են, քանի որ հրապարակումը կբերի նրան, որ կբացահայտվի մեր բանակի թվաքանակը. այդ թիվը կարող է հնչեցվել միայն փակ քննարկման ժամանակ։
«Ինչ վերաբերում է պայմանագրերի լուծարման կամ չերկարաձգման հարցին, ապա ԶՈւ համալրումը դրական սալդո ունի` մոտ 1300 մարդով։ Սա ցույց է տալիս, որ մեր քայլերի արդյունքում բանակում ծառայելու գրավչությունն էապես մեծացել է»,– վստահեցրեց Պապիկյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30–ի ՀՀ կառավարության նիստի ժամանակ հավանության արժանացավ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը։ Ըստ այս փոփոխությունների` 2026 թ. հունվարի 1–ից ՀՀ–ում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կկրճատվի։
Օրենքի փոփոխության մեջ նշվում է, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի պայմանագրային ծառայության աճի հաշվին:
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2026 թ. հունվարի 1–ից և կվգործեն հունվարի 7–ին ձմեռային զորակոչից սկսած։
Sputnik Արմենիա
