Իմպիչմենտի գործընթացում խորհրդարանական ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը գրել է.
«Ժամանակ առ ժամանակ անդրադառնալու եմ նրան, թե ինչպիսին է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով դատական պրակտիկան՝ ցույց տալու համար, որ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կայացված դատավճիռն աղերս չունի արդարադատության հետ և, որ վերջինս դասական քաղբանտարկյալ է։ Հիշեցնեմ, որ Դավիթ Համբարձումյանին դատարանը մեղավոր է ճանաչել և պատիժ նշանակել 6 տարի, 3 ամիս ժամկետով։
Այսպես՝
ԵԿԴ/0039/01/13 քրեական գործով մեղադրյալի նկատմամբ որպես վերջնական պատիժ է նշանակվել 6 տարի ժամկետով ազատազրկում այն դեպքում, երբ վերջինս մեղադրվել է՝
1) ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանություն)
2) ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հրազեն)
3) ՔՕ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ( խոշոր չափով թմրամիջոցի շրջանառություն)
Այս պայմաններում ինչպե՞ս կարող ենք չարձագանքել, որ Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է»:
Հիշեցնենք՝ Մասիս համայնքի ղեկավար, վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին դատապարտել էին 6 տարի, 3 ամիս ժամկետով ազատազրկման՝ 7 տարի առաջվա գործով, որով դատարանում քննված ոչ մի վկա մեղադրական ցուցմունք չէր տվել նրա դեմ։
Համբարձումյանն այդ ժամանակ Հայաստանում չէր, բայց հայտարարությամբ տեղեկացրել էր․ «Նիկոլից ու նրա կամակատար դատաիրավական համակարգից փախչելու միտքն անգամ բացառում եմ։ Շուտով կլինեմ Հայաստանում»։
Ժամանել էր Հայաստան, և նրան կալանավորել էին։
Aysor.am
