Логотип

Պապոյան․ Վերջին 7 ամիսներին ՀՀ-ից ԵԱՏՄ արտահանումը 2,4%-ով ավելացել է

2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանումը 2,4%-ով ավելացել է, հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Արտահանումը նշված ժամանակահատվածում կազմել է 1 մլրդ 788 մլն ԱՄՆ դոլար՝ 42 մլն դոլարով ավելի, քան 2024-ի նույն ամիսներին։​

«Հատկանշական է, որ ​«ծաղկեփնջի ծաղիկներ, կոկոններ և դեկորատիվ կանաչ» ապրանքային ուղղության մասով աճը կազմել է 88,7%-ով կամ 17,2 մլն դոլարով»,- գրել է նախարարը։

Նա տեղեկատվությունը կարևոր է համարել, քանի որ, իր կարծիքով, ​«մամուլում և սոցցանցերում որոշ պսևդոփորձագետներ պարզապես մոլորեցնում են ժողովրդին»։

«ՌԴ-ից Հայաստան, ապա Էմիրիություններ նախորդ տարվա նկատմամբ ոսկու «տեղափոխության» կրճատումը ներկայացնում են որպես տնտեսական կոլապս, այնինչ այն ՀՀ-ի և մեր բնակչության համար ոչ միայն ստեղծում էր 0-ին ձգտող արդյունք, այլ ընդհակառակը՝ մի բան էլ ռիսկեր էր ստեղծում պետության ու բիզնես միջավայրի համար»,- եզրափակել է Պապոյանը։

ՀՀ կառավարությունը օգոստոսի 8-ին հավանություն էր տվել Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագրի կնքման նախագծին։

Armenia Today