Логотип

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ․ ՎԱԽՆ ՈՒ ՊԱՏՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՆ ԵՆ

Հայաստանի իշխանությունները հանրությանը մանիպուլացնում են` օգտագործելով երկու հիմնական գործոն` վախն ու պատրանքները։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդաշարի շրջանակում այս տեսակետը հայտնեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Քաղաքացիների տարբեր խմբեր կան։ Ոմանք պատրանքների ազդեցության տակ ասում են` շուտով լավ կլինի, պատերազմն ավարտվել է, հիմա փողերը կգան, եվրոպացիները փող կտան, ամերիկացիները փող կտան, ճանապարհները բացվում են և այլն։ Մյուս խմբում էլ վախի գործոնն է աշխատում` եթե քեզ դրսևորես որպես արժանապատիվ մարդ, որպես հայ, դա կհանգեցնի պատերազմի: Եվ այդ մանիպուլյացիան շատ լավ է աշխատում»,-ընդգծեց Գրիգորյանը։

Նրա խոսքով` հասարակության մի ստվար զանգված մանկամտորեն փակում է աչքերը` կարծելով, որ եթե իրենք ոչինչ չեն տեսնում, ապա իրենց էլ ոչ ոք չի տեսնում։ Բայց հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ այդ դեպքում իրական սպառնալիքները չեն վերանալու։

Միաժամանակ իշխանությունների կեղծ խոսույթների ֆոնին իրական տեղեկություններ ստանալը բավական բարդ է, և որքան էլ ցավալի է, թե՛ ընդդիմադիր քաղաքական գործիչները, թե՛ հասարակությունն ընդհանուր առմամբ ստիպված են կողմնորոշվել պաշտոնական Բաքվի` սովորաբար իրականացող հայտարարություններով։

«Հայաստանի իշխանություններն ասում են. «Մի լսեք, թե ինչ է ասում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ինչո՞ւ եք լսում նրան, ի՞նչ է դա ձեզ տալիս»: Սակայն իրերի իրական վիճակն իմանալու համար անհրաժեշտ է հետևել ադրբեջանական կողմի հայտարարություններին»,– ասաց պատգամավորը։

Նրա դիտարկմամբ` Բաքվի հռետորաբանությունը մեծ ռազմավարության բաղադրիչ է, որի հիմքում գործողությունների կոնկրետ ծրագիր է դրված։

«Եթե Հայաստանի ներկայիս իշխանությունները կարող են ամեն շաբաթ 180 աստիճանով տարբերվող ինքնաբուխ հայտարարություններով հանդես գալ, ապա Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի քայլերում ինստիտուցիոնալ հիմք է դրված։ Ցավոք, Ալիևի հնչեցրած նարատիվներն ի վերջո իրականություն են դառնում։ Կրկնում եմ` ես դա ցավով եմ արձանագրում։ Ոչ ոք չի ուզում, որ թշնամական երկրի առաջնորդի խոսքերն իրականություն դառնան։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Եվ դա Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքականության հետևանքն է»,- կարծում է «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Գրիգորյանի խոսքով` եթե դեռ մի քանի տարի առաջ կարելի էր ասել, որ Իլհամ Ալիևի հայտարարությունները հիմնականում ներքին լսարանին են ուղղված, ապա այսօր ակնհայտ է, որ Ադրբեջանն իր ռազմավարական օրակարգն առաջ է մղում միջազգային հարթակներում։

Մասնավորապես, ընդդիմադիր քաղաքական գործչի գնահատմամբ, պաշտոնական Բաքուն լայն ցանց է ձևավորել` հասարակական կազմակերպություններից մինչև պետական կառույցներ, միջազգային կառույցներում իր օրակարգն առաջ տանելու համար:

Իսկ ի՞նչ օրակարգ է առաջ տանում Հայաստանը. Աննա Գրիգորյանն ընդգծեց` դատելով իշխանությունների հայտարարություններից` վերջիններս մեծ հույսեր են կապում տնտեսական գործոնների հետ, որոնք, ըստ Հայաստանի իշխող ուժի, պետք է «իրենց հետ խաղաղություն բերեն»: Այնուամենայնիվ, մինչ օրս որևէ հստակություն չկա գոնե լայնորեն արծարծվող «Թրամփի ուղու» հարցի վերաբերյալ։

«Մեծ հարց է, թե ինչ կտա մեզ TRIPP-ը։ Արդյոք մենք ներգրավվա՞ծ կլինենք դրանում: Մեր սահմանապահները վերահսկողություն կիրականացնե՞ն։ Այնտեղ մաքսային ու հարկային ծառայություններ գործելո՞ւ են։ Այս բոլոր հարցերի հստակ պատասխան դեռ չկա։ Ըստ այդմ` առայժմ չի կարելի պնդել, որ այս նախագիծը մեզ համար տնտեսական նշանակություն ունի»,- եզրափակեց Գրիգորյանը։

Sputnik Արմենիա