Եթե բանակցային գործընթացը գտնվում էր փակուղում և Ադրբեջանի հետ պատերազմն անխուսափելի էր, ինչո՞ւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց դիմել քայլերի, որոնք արագացրին այն։ Այս մասին մարտի 26-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա, մասնավորապես, հիշեցրել է Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունների մասին՝ արված 2019 թվականի օգոստոսին Լեռնային Ղարաբաղում և 2020 թվականի հուլիսյան սրացման օրերին հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի մարզում։ «Տավուշի իրադարձությունները նա ներկայացրեց որպես նոր մեծ Սարդարապատ, իսկ իրադարձությունների մասնակիցներին շնորհեց երկրի հերոսի կոչումներ», – նշել է պատգամավորը։ Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարության ներկայիս ղեկավարի բոլոր գործողություններն իրականում արձակել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռքերը։
Ընդդիմադիր գործիչն ընդգծել է՝ պաշտոնական Երևանը չի արծարծում Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների թեման, մասնավորապես՝ վերադարձի իրավունքը։ Միևնույն ժամանակ, Բաքուն բոլորովին այլ քաղաքականություն է վարում։ Այն շարունակում է պնդել այսպես կոչված ադրբեջանցի փախստականների «վերադարձը» Հայաստան։ Այդ նպատակի իրականացման համար, ինչպես նշել է Գրիգորյանը, Ադրբեջանի պետական բյուջեից տարբեր տեսակի «ՀԿ-ների» գումարներ են հատկացվում։ Իրականացվում է հստակ ու պլանավորված քաղաքականություն։
News.am
