ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով։ Նման որոշում կայացրեց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Նրա որոշմամբ՝ Սարգսյանը կալանքի տակ կմնա մինչև դեկտեմբերի 8-ը։
Սարգսյանն իր ելույթում նախաձեռնված վարույթը շինծու և հեքիաթ անվանեց։
«Ես Աստծո զավակ եմ, բոլորս Աստծո առաջ պատասխան եք տալու, բոլոր անարդար մարդիկ պատասխան են տալու։ Չի կարելի, մարդկանց զրկել եք իրանց երեխեքից, ծնողներից մի շինծու բանի համար»,- ասաց Արթուր Սարգսյանը։
Հավելեց՝ այս պայքարն արժանապատվության և հողի համար է, արդարությունն էլ մի օր հաղթելու է։
Նշենք, որ այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթանում էր «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով 3-րդ դատական նիստը։
Նախօրեին դատարանի որոշմամբ 3-ամսով երկարաձգվեց Լիդյա Մանթաշյանի կալանքի ժամկետը, իսկ այսօր՝ Բագրատ սրբազանի, Վահագն Չախալյանի կալանքի ժամկետը։
44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկ Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքով։ Նրան թույլատրվեց նաև շաբաթական առնվազն 2 անգամ Պրոբացիայի ծառայության կամ ոստիկանության ուղեկցությամբ այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
«Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները մեղադրվում են ՀՀ-ում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնելու մեջ։
Sputnik Արմենիա