Логотип

ՊԱՏԵՐԱԶՄՆ ԻՐԱՆՈՒՄ ՎՏԱՆԳԵԼ Է ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԱՄՆ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԱԶՄԱՄԻԼԻԱՐԴԱՆՈՑ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը Իրանի դեմ կարող է ստիպել Պարսից ծոցի երկրներին վերանայել իրենց արտասահմանյան ներդրումները, այդ թվում՝ ԱՄՆ-ում իրականացվող նախագծերը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Պարսից ծոցի երկրների պաշտոնյաներից մեկի խոսքով՝ բյուջեների վրա աճող ճնշումը կարող է ազդել պայմանագրերի լայն շրջանակի վրա՝ սկսած օտարերկրյա պետություններին տրված ներդրումային խոստումներից մինչև սպորտային հովանավորություններ, բիզնես պայմանագրեր և ակտիվների վաճառք։ Աղբյուրը նշել է, որ տարածաշրջանի չորս խոշորագույն տնտեսություններից երեքը՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Քուվեյթը և Քաթարը, արդեն քննարկել են հակամարտության ֆինանսական հետևանքները իրենց տնտեսությունների համար։

«Պարսից ծոցի մի շարք երկրներ սկսել են պայմանագրերի ներքին ստուգում՝ հասկանալու համար, արդյոք կարող են կիրառել ֆորս-մաժորի դրույթները։ Միաժամանակ վերանայվում են ընթացիկ և ապագա ներդրումային պարտավորությունները՝ պատերազմի տնտեսական ճնշումը մեղմելու նպատակով», — ասել է պաշտոնյան։ Նրա խոսքով՝ այս քայլերը դիտարկվում են որպես կանխարգելիչ միջոցներ։

Տարածաշրջանի երկրների իշխանությունները մտահոգված են, որ եկամուտները կարող են նվազել արտահանման խափանումների, զբոսաշրջային հոսքերի կրճատման, ավիացիայի ոլորտում խնդիրների և պաշտպանական ծախսերի կտրուկ աճի պատճառով։ Պարսից ծոցի երկրներից մեկի կառավարության խորհրդականը նշել է, որ ներդրումների վերանայման հեռանկարը արդեն անհանգստացնում է Սպիտակ տունը։

Խոսքը վերաբերում է վերջին տարիներին ԱՄՆ-ի և տարածաշրջանի երկրների միջև կնքված տրիլիոնավոր դոլարների համաձայնագրերի վտանգին։ Անցյալ տարի Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄԷ-ն նախատեսում է մոտ 1,4 տրիլիոն դոլար ներդնել ԱՄՆ տնտեսության մեջ առաջիկա տասը տարիների ընթացքում։ Սաուդյան Արաբիայի ժառանգական արքայազն և վարչապետ Մուհամմեդ բին Սալմանը նույնպես հայտարարել էր, որ թագավորությունը մտադիր է ԱՄՆ-ում ներդրումները հասցնել 1 տրիլիոն դոլարի։ Սպիտակ տունը հայտնել էր, որ Քաթարի հետ կնքված համաձայնագրերը նախատեսում են համագործակցություն մոտ 1,2 տրիլիոն դոլարի չափով, իսկ գործարքների ընդհանուր ծավալը գերազանցում է 243 միլիարդ դոլարը։

Պարսից ծոցի երկրները գործարքներ են կնքել ոչ միայն ամերիկյան պետության, այլև նախագահի ընտանիքին պատկանող բիզնես կառույցների հետ։ Trump Organization ընկերությունը, որը ղեկավարում են նախագահի որդիները՝ Էրիկ Թրամփը և Դոնալդ Թրամփ կրտսերը, տարածաշրջանում իրականացնում է մի շարք նախագծեր՝ գոլֆի դաշտերի և շքեղ վիլլաների կառուցում Քաթարում և ԱՄԷ-ում։ Ապրիլին ընկերությունը հայտարարեց նաև Դուբայի կենտրոնում Trump International Hotel & Tower կառուցելու ծրագրի մասին՝ 80 հարկանի շքեղ բնակարանային համալիր։

Մինչ հակամարտությունը Պարսից ծոցի երկրները կոչ էին անում Դոնալդ Թրամփին զերծ մնալ Իրանի դեմ ռազմական գործողությունից և փորձել լուծել հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով։ Սակայն, ինչպես գրում է Foreign Policy-ն, Իրանի պատասխան հարվածները փաստացի ներքաշեցին տարածաշրջանի պետություններին հակամարտության մեջ և ստիպեցին վերանայել իրենց վերաբերմունքը ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքների նկատմամբ։

Պարբերականի գնահատմամբ՝ տարածաշրջանում ավելի հաճախ է հնչում կարծիք, որ Պարսից ծոցի երկրները «այլևս չեն կարող լիովին վստահել» ԱՄՆ-ի կարողությանը պաշտպանել իրենց սպառնալիքներից։ Միաժամանակ, չնայած Իսրայելի հետ համագործակցությանը, երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանի պետությունները կարող են սկսել այն ընկալել ավելի շատ որպես ռիսկերի աղբյուր, քան որպես հնարավոր դաշնակից։

Պարսից ծոցի երկրները սպասում էին, որ հակամարտությունը իրենց չի անդրադառնա։ Սակայն Իրանի պատասխան գործողությունները արագորեն փլուզեցին այդ սցենարը։ Թեհրանը հարվածներ հասցրեց Մերձավոր Արևելքում գտնվող հիմնական ամերիկյան ռազմական բազաներին, այդ թվում՝ Բահրեյնում, ԱՄԷ-ում, Քուվեյթում, Քաթարում և Օմանում։ Հարձակման են ենթարկվել նաև նավթագազային ոլորտի օբյեկտներ։ Միաժամանակ Իրանը փաստացի փակել է Հորմուզի նեղուցը։

Թրամփը հայտարարել էր, որ տարածաշրջանի երկրներում գտնվող օբյեկտներին Իրանի հարվածները ԱՄՆ-ի համար դարձել են «ամենամեծ անակնկալը»։

News.am