Логотип

«Պատիվ ունեմ»-ը ԱԺ-ում ներկայացրեց «Ազգային ճգնաժամի մասին» հայտարարության նախագիծը

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունն ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարությունը։ Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նշեց, որ հայտարարության տեքստը ևս մեկ անգամ չի կարդա, քանի որ այն մանրամասն քննարկվել է խորհրդարանական լսումների ժամանակ, սակայն որոշակի լրացումներ կարելի է անել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 16-ին կայացան «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից նախաձեռնված խորհրդարանական լսումները։ Հայտարարության նախագծում նշված էր, որ «այսօրվա կառավարիչների գործունեությունը հանգեցրել է համակարգային ճգնաժամի պետական կառավարման բոլոր մակարդակներում։ Այդ քաղաքականությունն աղետալի հետևանքներ է ունեցել ազգային անվտանգության, պետական ինքնիշխանության, ժողովրդավարության, սոցիալ-տնտեսական և ազգային կյանքի բոլոր ոլորտներում՝ լրջագույն խնդիրներ առաջացնելով ՀՀ համար, վտանգի տակ դնելով նաև երկրի ապագան»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ։

«Ժողովրդավարությունից նահանջի և մարդու իրավունքների համատարած խախտումների հատվածում մենք ունենք ևս մեկ խայտառակ ապօրինի որոշում, օրինակ՝ Միքայել Սրբազանի նկատմամբ ապօրինի որոշումը, որը ևս մեկ անգամ ընդգծում է մեր երկրում ժողովրդավարության նահանջը»,- ասաց Մամիջանյանը։

Նա նշեց, որ ընդդիմադիր խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ու հասարակա-քաղաքական միավորումների կողմից ստացել է լայն կոնսոլիդացիա։

«Վերջին շրջանում ընդդիմադիրների նման լայն կոնսոլիդացիայի դեպք չեմ հիշում, ինչը կարող ենք անվանել լավ սկիզբ»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը հայտարարեց, թե նրանք կարող են որևէ ակնկալիք չունենալ իրենց կուսակցությունից։ «Պետք չէ հայտարարություն անել, թե 7 հոգի կան մեզանից և այլն։ Որակումները կտրվեն խորհրդարանական ընտրություններին, ու ժողովուրդը կասի, թե ում է համակրում»։

Իսկ ՔՊ-ից Լիլիթ Մինասյանը խնդրեց ընդդիմադիր ուժերին կոնկրետ ասել, թե ինչքա՞ն է ՀՀ-ի տարածքը, քանի որ, ըստ նրա, հայտարարության տեքստից չի հասկանում։

«Իմ դպրոցական դասագրքերում 29.8 հազար քառ. կմ էր, վերջերս պարոն Բագրատյանը շատ հետաքրքիր փաստեր ներկայացրեց, որ իրականության մեջ այն ավելի մեծ է։ Հիմա դուք ինչ-որ նոր թիվ եք մոգոնել, բայց ես դա եմ կարդացել»,- պատասխանեց Մամիջանյանը։

Հայկ Մամիջանյանը հստակացրեց, որ սա իմպիչմենտի գործընթացը չէ, այլ հայտարարություն է, որտեղ արձանագրված են ներքաղաքական անվտանգային խնդիրները։ Իսկ իմպիչմենտի գործընթացը, ըստ նրա, իր հունով գնում է։

Sputnik Արմենիա