Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին օրենքն ուժի մեջ կմտնի ավելի շուտ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հրապարակված տեսանյութում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախատեսված էր, որ այս կարգավորումն ուժի մեջ մտնի 2026թ․ ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ, իսկ նախորդող շրջանում՝ խորհրդարանական գործընկերների հետ, և որոշում ենք կայացրել, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի՝ 2026թ․ հունվարի 1-ից»,- ասաց Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը դարձնել 18 ամիս 24-ի փոխարեն։ Նախատեսվում էր, որ ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունիսի 1-ից։ 6 ամիս կրճատված ժամկետով ծառայությունը չէր տարածվելու հուլիսի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա:
Հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման անհրաժեշտությամբ՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի:
Նախատեսվում է, որ ժամկետի կրճատումը կբերի նաև պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազեցման։
Sputnik Արմենիա