ՀՀ Վճռաբեկ դատարանն իր սեպտեմբերի 26–ի որոշմամբ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է, և դատավճիռն ստացել է օրինական ուժ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս»–ից։
Դատապարտյալ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Ջալալ Հարությունյանը կրկին վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել իր վերաբերյալ վճիռը և կայացնել արդարացման դատական ակտ։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հունվարի 15-ին մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Ռոբերտ Պապոյանի և Լուսինե Աբգարյանի, հունիսի 18-ի վճռով անփոփոխ էր թողել Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։
Հատկանշական է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Ջալալ Հարությունյանը տևական ժամանակ չէր ստանում, ի վերջո, օգոսոսին «հարկադրաբար» ստացել է վճիռը, ինչից հետո էլ սկսել են հոսել դատավարական ժամկետները՝ բողոքարկման համար։
Խնդիրն այն է, որ գործով վաղեմության ժամկետները մոտենում են ավարտին և տուժող կողմը մտահոգություն ունի, որ Հարությունյանն ամեն կերպ ձգձգում է գործի քննությունը՝ մինչև վաղեմության ժամկետների ավարտը։ Փաստ է, որ վճռից ութ ամիս անց՝ այն դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։
Ջալալ Հարությունյանի պաշտպանի ներկայացրած առաջին բողոքը Վճռաբեկ դատարանը վերադարձրել էր սեպտեմբերի 2-ին՝ շտկումների։ Ավելի ուշ Ջալալ Հարությունյանի կողմից նոր բողոք էր ներկայացվել։