ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հերքում է մամուլի այն հրապարակումը, ըստ որի` Մեղրիի «Ագարակ» անցման կետով Հայաստանի Հանրապետություն ներկրված ապրանքների չհայտարարագրման միջադեպի հետ կապ ունեն անցման կետի պետն ու տեղակալը։ Տեղեկությունը հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Մեղրիի անցման կետում իրանական պետհամարանիշներով «Ֆոտոն» տեսակի տրանսպորտային միջոցի ամբողջ ապրանքը դատարկվել է և Մեղրու անցման կետի պետ Հովհաննես Ամիրխանյանի և նրա տեղակալ Գևորգ Թևանյանի կազմակերպմամբ այնտեղ է տեղավորվել շուրջ 70 մլն դրամի ապրանքի կեսը՝ «dyson»-ներ և պլանշետներ։ Ըստ լրատվամիջոցի` նշված դեպքը ՊԵԿ ղեկավարությունը փորձել է կոծկել, քանի որ Ամիրխանյանը հանդիսանում է ՊԵԿ նախագահի մորեղբոր որդու՝ Սարգիս Բաբայանի մտերիմ ընկերը, իսկ Ս․ Բաբայանը ՊԵԿ նախագահի անվտանգության պետն է, և չի բացառվում, որ Ս․ Բաբայանի կողմից բոլոր միջոցները կձեռնարկվեն Հ․ Ամիրխանյանին հիշյալ դեպքից «մաքուր դուրս հանելու» ուղղությամբ։
Ի պատասխան ՊԵԿ–ից հայտնում են, որ նշված միջադեպը բացահայտվել է բացառապես ՀՀ ՊԵԿ համակարգի ներսում գործող վերահսկողական և ռիսկերի կառավարման մեխանիզմների շնորհիվ, ինչի հիման վրա անմիջապես ձեռնարկվել են համապատասխան ծառայողական և իրավական գործողություններ։
«Այն պնդումը, թե դեպքը փորձ է արվել կոծկել կամ «ապօրինի ներմուծում ապահովել»՝ չի համապատասխանում իրականությանը և հակասում է հենց փաստերի տրամաբանությանը, քանի որ հենց ՊԵԿ-ի կողմից նշված դրվագով մաքսային կանոնների խախտման գծով նախաձեռնվել է վարչական վարույթ, իսկ պաշտոնատար անձանց հնարավոր ներգրավվածության հատկանիշների գծով բոլոր նյութերը սահմանված կարգով փոխանցվել են իրավասու քննչական մարմնին։ Կոմիտեն ամեն կերպ աջակցելու է քննությանը՝ անկախ որևէ անձի զբաղեցրած պաշտոնից»,– ասված է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ ՊԵԿ–ն անընդունելի է համարել հոդվածում նշված` անձնական և բարեկամական կապերի վրա հիմնված ակնարկները` դրանք որակելով որպես չապացուցված ենթադրություն:
Sputnik Արմենիա
