Логотип

ՊԵԿ-ը՝ հայտարարագրման ոչ ենթակա չհարկվող եկամուտների տեսակների և շեմերի մասին

ՀՀ Կառավարությունը շարունակում է բարելավել և պարզեցնել ֆիզիկական անձանց եկամուտների հայ­տա­րարագրման համա­կարգը։ Այդ նպատակով փետրվարի 26-ի Կառավարության նիստում համապատասխան որոշմամբ սահմանվել են հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհար­կվող) եկա­մուտ­ների տեսակներն ու շեմերը։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է ՊԵԿ–ից։

Մասնավորապես, սահմանվել են, որ հայտարարագրի 2-րդ բաժնում նվազեցվող (չհար­կվող) եկամուտներից չեն լրացվի, օրինակ՝

– ստացվող վարկերի գումարները,

– ՀՀ ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթ­նե­րում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները, այդ թվում՝ պետական պարգև­ները (մրցա­նակ­ները),

– մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը` յուրաքանչյուր – մրցա­­նակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով,

– և մի շարք այլ նվազեցվող (չհար­կվող) եկա­մուտ­ների տեսակներ։

Նույն որոշման նախագծով սահմանվել են, որ հայտարարագրման ենթակա չեն միանվագ մինչև 1 միլիոն դրամը ներառյալ ստացվող նվազեցվող եկամուտների հետևյալ տեսակները․

– ֆիզիկական անձանցից ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ստացվող գույք և (կամ) դրամական միջոցներ,

– ստացվող փոխառությունների գումարները,

– գույքի վաճառքից այլ ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները, բացառությամբ՝ հողամասի վաճառքից ստացվող եկամուտների,

– աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագ կարգով ստացվող օգնության գումարներ,

– ոչ առևտրային կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ,

– ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ, նշված մարմինների ու կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարվող վճարումներ,

– առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող հարկային գործակալին օտարվող ոսկու և թանկարժեք քարերի դիմաց ստացվող եկամուտներ:

Կարևոր է իմանալ, որ սահմանված շեմը գերազանցելու դեպքում վերոհիշյալ եկամուտները հայտարա­րագրման ենթակա են ամբողջ գումարի չափով։ Այսինքն, եթե անձը, օրինակ, միանվագ ստացել է 1 մլն 200 հազար դրամ գումար, ապա վերջինս պարտավոր է հայտարարագրել այդ ամբողջ գումարը, ոչ թե միայն գերազանցող մասը՝ 200 հազար դրամը։

Ի դեպ, հայտարարատուները, ցանկության դեպքում, կարող են հայտարարագրել իրենց չհարկվող եկամուտները՝ անկախ դրանց հայ­տարարագրման ոչ ենթակա լինելու կամ շեմը չգերազանցելու հանգամանքից։

Ուշադրություն, հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից (ամուսինը, ծնող­ները, քույրերը, եղբայրները, զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), պապերը, տատերը և թոռները) ստացվող նվազեցվող (չհարկվող) եկամուտները՝ անկախ ստացվող եկամտի մեծությունից: