Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը որոշակի փուլում պահանջված կլինի երկու երկրների կողմից, սակայն դրան պետք է քրտնաջան նախապատրաստություն նախորդի։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այդ գագաթաժողովին պետք է նախորդի շատ լարված, բծախնդիր փորձագիտական աշխատանք։ Եվ այստեղ մեր ամերիկացի գործընկերները միանգամայն համաձայն են մեզ հետ»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը իմաստ կունենա միայն լուրջ բովանդակային հիմքի առկայության դեպքում:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ նշել էր, որ ռուս-ամերիկյան բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու նախաձեռնությունը պահպանվում է, սակայն նման բանակցությունները պետք է մանրակրկիտ նախապատրաստվեն: Փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նույնպես ընդգծել էր, որ Ռուսաստանը հատուկ նշանակություն է տալիս հնարավոր շփումը կոնկրետ բովանդակությամբ լցնելուն, ինչից հետո կողմերը կկարողանան որոշել գագաթնաժողովի ժամկետներն ու ձևաչափը:
Մեկնաբանելով երկկողմ հարաբերությունների ներկայիս բնույթը՝ Պեսկովը նշել է, որ այս պահին չարժե փորձել կանխատեսել նախագահների հնարավոր հանդիպման ժամկետները:
«Գագաթնաժողովի ժամկետների կամ վայրի մասին ցանկացած ենթադրություն անհիմն կլինի»,- հավելել է նա:
Անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայի և Կիևի միջև փոխադարձ վստահություն չկա, ինչն էապես բարդացնում է կարգավորման ցանկացած հեռանկար:
«Այս պահին ինչ-որ վստահության մասին խոսք չկա, դրա բացակայությունն ակնհայտ է»,-նշել է նա։
ՌԴ նախագահի խոսնակն անդրադարձել է նաև արևմտյան և ուկրաինական ԶԼՄ-ների հրապարակումներին, որոնք պնդում էին, թե ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «շնորհազրկվել է»։ Պեսկովը նման հաղորդագրություններն անվանել է բացարձակապես ոչ հավաստի և ընդգծել է, որ Լավրովը շարունակում է իր պարտականությունները կատարել ամբողջ ծավալով:
«Անկասկած, Լավրովն աշխատում է որպես արտաքին գործերի նախարար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Բացի այդ, Պեսկովը հայտնել է, որ այսօր նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն կանցկացնի՝ նվիրված Ռուսաստանի զինված ուժերի հետագա զարգացմանն ու կառուցմանը: Միջոցառմանը կմասնակցեն անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը և նախագահի օգնական Ալեքսեյ Դյումինը:
Եզրափակելով օրակարգի միջազգային մասը՝ Պեսկովը մեկնաբանել է Կորեական թերակղզում տիրող իրավիճակը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ողջունում է իրավիճակի կարգավորմանն ուղղված միայն այն քայլերը, որոնք համապատասխանում են Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության շահերին: Նրա խոսքերը հաջորդել են ԿԺԴՀ-ի հերթական հրթիռային արձակմանը, որը, հարավկորեացի զինվորականների տվյալներով, այս տարի 7-րդն էր։
Sputnik Արմենիա
