Ռուսաստանն ակնկալում է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի`Երևան և Բաքու կատարած այցերը։
«Հայաստանի հետ մեզ միավորում են ինտեգրացիոն նախագծերը՝ ԵվրԱզԷՍ–ը։ Հազիվ թե որևէ մեկը վիճարկի այն դերը, որը ԵվրԱզԷՍ-ը խաղում է այդ երկրում տնտեսական զարգացման այդքան բարձր տեմպերը պահպանելու գործում։ Այդ դերն ակնհայտ է։ Եվ մենք հույս ունենք, որ մեր այդ փոխգործակցությունը կշարունակվի»,– ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ երկկողմ հարաբերությունների հսկայական համալիր կա, որը տարածվում է հնարավոր բոլոր ոլորտների վրա։ Դրանք են փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունը, փոխադարձ ներդրումները և հարաբերությունները մշակույթի ոլորտում։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Sputnik Արմենիա
