ՀՀ իշխանությունները նախատեսում են չեղարկել պետական ծառայողների համար օրենքով սահմանված տարիքի առավելագույն սահմանաչափը։ Նոր կարգավորումներով պետական ծառայության պաշտոն կարելի զբաղեցնել նաև 65 տարեկանը լրանալուց հետո։ Այս մասին ԱԺ հանձնաժողովներում 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը նշեց, որ ավելի վաղ նման սահմանափակումն արդեն հանվել էր մասնավոր հատվածում. եթե աշխատանքից ազատելու այլ հիմքեր չկան, գործատուներին արգելվում է աշխատակիցների հետ դադարեցնել աշխատանքային հարաբերությունները միայն նրանց կենսաթոշակային տարիքը լրանալու պատճառով:
Արսեն Թորոսյանը կարծում է, որ սա ևս մեկ միջոց է` ուղղված զբաղվածության աջակցմանը և ակտիվ աշխատանքային տարիքի երկարացմանը։ Նրա խոսքով` դա նաև դրական տնտեսական էֆեկտ կունենա` հատկապես ծնելիության նվազման պայմաններում։
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2025 թվականի սկզբի դրությամբ Հայաստանում ապրում է 65–ից բարձր տարիքի շուրջ 537 հազար մարդ, ինչը կազմում է երկրի բնակչության ավելի քան 17%-ը։
Sputnik Արմենիա
