Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի համայնքային բրուշատկաներ գողացողի հայրը այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՔՊ–ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը։
Նրա խոսքով, այս ընթացքում Գյումրիում կատարվել են բազմաթիվ շինարարական աշխատանքներ. «Դրանց մեծամասնությունը կառավարության շնորհիվ է իրականացվել և կա մտավախություն, որ այդ կլանի ղեկավարը և իր թիմը որձելու է անել ամեն ինչ, որ այդ աշխատանքներ վերագրվեն իրեն՝ քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով, և այդ ամենը որպես ծառայություն մատուցելու օտարերկրյա որոշ ուժերի»,–ասաց նա և խնդրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականը դրա հետ կապված։
Փաշինյանն ի պատասխան ասաց. «Ես հատուկ հանձնարարական եմ տվել ՏԿԵ նախարարին, որ Գյումրիում կառավարությունն իր բոլոր ծրագրերը շարունակելու է։
Ինչ վերաբերում է ձեր նշած շրջանակի կողմից արվող հայտարարություններին, նախ, կարծում եմ՝ առաջին հերթին գյումրեցիները պետք է դրան գնահատական տան։ Երկրորդը, մյուսները նույնպես պիտի գնահատական տան։ Ես կարծում եմ, որ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից։ Դա պետք է անենք քաղաքական մեթոդներով և բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառել ժողովրդավարական երկրում։ Ես համոզված եմ, որ դա տեղի կունենա։
Գյումրիում ընտրությունների արդյունքների հետ կապված էլ մենք խնդիր ունենք, մենք գիտենք, որ այնտեղ ընտրակաշառք է բաժանվել։ Մենք պետք է մեխանիզմներ ունենանք հետագայում նման դեպքերը բացառելու համար։ Պետությունն ու ժողովրդավարությունը պետք է իրենք իրենց պաշտպանելու մեխանիզմները կատարելագործեն։ Դա աշխատանք է, որը պետք է անել հանգիստ, հանդարտ և ինստիտուցիոնալ։ Չի կարող հայաստանի թեկուզ ՏԻՄ պաշտոնյա կասկածի տակ դնի Հայաստանի անկախությունը։ Մենք պետք է մեխանիզմներ ունենաք նման դեպքերի համար և փաստ չի, որ չունենք։ Նման երևույթներին պետք է դասել թյուրիմացությունների շարքը, որոնք հընթացս շտկվում են»։
Կարեն Սարուխանյանն էլ հայտարարեց, որ ինքն անձամբ չի համակերպվում, որ Վարդան Ղուկասյանը Գյումրիի ղեկավարն է։
News.am