Քաղաքագետ և ռազմական փորձագետ Պյոտր Կոլչինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ ռուսական կայսերական քարտեզներում չկա Սևանա լիճ, այլ կա Գյոկչա, և որ հայկական ԽՍՀ-ում բնակվող ադրբեջանցիները պետք է այնտեղ վերադառնան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով:
«Ալիևը բավականին հետևողական է իր աշխարհաքաղաքական հավակնություններում։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում իր «Արևմտյան Ադրբեջան» PR արշավին՝ հետևողականորեն այն ամրապնդելով բարձրաձայն հայտարարություններով, պատմական և կեղծ պատմական ուսումնասիրություններով, ինչպես նաև իր հավակնությունները լեգիտիմացնելու այլ միջոցներով։
Սևանն այս մեծ արշավի միայն մի մասն է, և ակնհայտ է, որ սա հեռու է վերջին փուլից։ Ալիևը զգում է Ադրբեջանի հնարավորությունները, շարունակում է հզորացնել երկրի բանակը, զարգացնել ռազմական համագործակցությունը Թուրքիայի և ՆԱՏՕ-ի այլ երկրների հետ՝ ամրապնդելով «Արևմտյան Ադրբեջան»-ի գաղափարախոսությունն իրական ռազմական հնարավորություններով», — ասել է Կոլչինը։
Փորձագետի կարծիքով՝ այս ամենը մարտահրավեր է տարածաշրջանային համընդհանուր անվտանգության համար։
«Հայկական ղեկավարության լռությունը նման հարձակումներին թուլացնում է Երևանի դիվանագիտական հնարավորությունները և լուրջ խնդիր է դառնում հայկական դիվանագիտության համար։ Մենք տեսնում ենք, որ Փաշինյանի թիմը փորձում է անտեսել Բաքվի այս հստակ ռազմատենչ նարատիվներն՝ ի շահ խաղաղության իրենց գաղափարների, որոնք, ըստ Հայաստանի վարչապետի, սկսվել են Վաշինգտոնյան համաձայնագրերից։ Սակայն աշխարհաքաղաքական իրականությունն այսօր շատ հեռու է այդ համաձայնություններից, և Սևանա լճին կարող են հաջորդել նոր պահանջներ», — եզրափակել է Կոլչինը։
