Քաղաքագետ և ռազմական փորձագետ Պյոտր Կոլչինը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ «իր համար պատիվ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը»։
Քաղաքագետի խոսքով՝ վաշինգտոնյան համաձայնագրերը և դրանց հետ կապված հրապարակային հայտարարությունները մեծ մեդիախաղի մի մաս են։
«Թրամփի նպատակները պարզ են` ստանալ ևս մեկ նշում մեծ դիվանագիտական հաղթանակների ցանկում, որոնք, ըստ նրա, իրեն կհասցնեն Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Դրա համար նա պետք է արդյունքի հասնի ցանկացած գնով և ցանկալի է մոտ ապագայում։ Ալիևը հիանալի օգտվում է դրանից՝ հասնելով իր բոլոր նպատակներին և հաստատելով իր ազդեցությունը Հարավային Կովկասում։ Բայց կարգավորման մեջ ինչ-որ իրական առաջընթացների մասին, իհարկե, խոսել պետք չէ։
Թրամփը պատկեր է ստեղծում, փորձում է ճնշում գործադրել Իրանի վրա՝ նրա հյուսիսային սահմաններին ռիսկեր ստեղծելու միջոցով։ Բայց իրական կարգավորում տեղի չի ունենում։ Ադրբեջանը չի հրաժարվում իր ռազմատենչ նկրտումներից, հաջորդ տարվա համար երկրի ռազմական բյուջեն աճում է։ Ալիևը չի հրաժարվում «Արևմտյան Ադրբեջանի» նախագծերից։ Եվ, ամենայն հավանականությամբ, «Թրամփի երթուղին» փաստացի լինելու է Անկարայի և Բաքվի տիրապետության տակ։ Այդ իսկ պատճառով այստեղ ինչ-որ իրական խաղաղության մասին խոսել պետք չէ։
Փաշինյանի քաղաքական թուլությունը Հայաստանը տանում է աշխարհաքաղաքական աղետի։ Եվ եթե ժամանակին չփոխվի այդ պրոցեսների ընթացքը, երկիրը կարող է բախվել անվտանգության ոլորտում շատ լուրջ խնդիրների, որոնք կարող են կործանարար լինել նրա ինքնիշխանության համար՝ ռազմավարական հեռանկարում»,- եզրակացրել է Կոլչինը։