ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե 2025 թվականի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում նոր դիրք են տեղակայել։ Հերքման տեսանյութը տարածել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը քարտեզով բացատրում է, որ այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։
Նշենք, որ մարտի 4-ին Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանը հրատապ ասուլիս էր հրավիրել՝ նշելով, որ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական նոր դիրք է հայտնվել։
Այսօր` մարտի 10–ին, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Նարեկ Պարոնյանը նշել էր, որ Գեղարքունիքում ադրբեջանական նոր դիրքի վերաբերյալ տվյալները փոխանցել են ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պահանջելով բացատրություններ։
«Շրջանառվող կեղծ տեղեկություններն ուղեկցվում են նաև «Google Earth» ծրագրային ապահովման տիեզերալուսանկարներով, որոնց կապակցումը իրականության հետ ունի շեղումներ, իսկ վրայի սահմանագիծը չունի իրավական հիմք։ Այս մասին նաև «Google Earth» ծրագիրն է տեղեկացնում իր ընթերցողներին կամ այն մարդկանց, ովքեր օգտագործում են այդ ծրագիրը»,–նշում է Թորոսյանը։
Ընդգծվում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբն առաջնորդվում է 1975 թվականի ԽՍՀՄ 1։100000 մասշտաբի տեղագրական քարտեզներով, որոնք ունեն իրավական ուժ։ Դա այն քարտեզն է, որը հաստատվել է պետական գեոդեզիական վերահսկողության՝ Անդրկովկասի տարածքային տեսչության պետի կողմից։
«Ադրբեջանի զինված ուժերի դիրքը չի հատում Հայաստանի Հանրապետության պետական սահմանագիծը և գտնվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում»,–նշել է Թորոսյանը։
Անդրադառնալով այն մտահոգություններին, որ նշված դիրքը կարող է վտանգ ներկայացնել Սոթքի հանքավայրի, Կութ բնակավայրի և դրան հարակից տարածքների համար, Թորոսյանը նշում է, որ նշված դիրքը Սոթքի հանքավայրից հեռու է 4 կմ է, իսկ Կութ բնակավայրից` 6․4 կմ։
«Ավելին, Կութ բնակավայրի և նշված դիրքի միջև տեսանելիություն հնարավոր չէ, քանի որ առկա է Կատար լեռը` 3008․5 մ բարձրությամբ։ Ուստի, հարգելի հայրենակիցներ, խնդրում ենք հետևել բացառապես մասնագիտական մոտեցումներով հագեցած պաշտոնական տեղեկատվությանը և տուրք չտալ այն ապատեղեկատվությանը, որը հիմնված է ոչ պրոֆեսիոնալ մոտեցումների և ոչ պրոֆեսիոնալ տեսակետների վրա»,–ասել է Թորոսյանը։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «սուտ» անվանեց Արման Թաթոյանի հայտնած տեղեկությունները։ Նույն օրը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները նույնպես հերքել էին այդ տեղեկությունները։
Նշենք, որ Գեղարքունիքի շրջանում Ադրբեջանի ԶՈւ–ի նոր դիրքի մասին տեղեկատվությունն առաջին անգամ հայտնվել էր «Հետպատերազմ» Telegram-ալիքում դեռևս 2025 թ. սեպտեմբերին։
Sputnik Արմենիա
