Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Մեղրիի զորամասի ուղղությամբ հակառակորդի կողմից ներթափանցման փորձի մասին ԶՈւ պահեստազորի գնդապետ Նաիրա Գևորգյանի հայտարարությունը։
Նշենք, որ ԶՈւ պահեստազորի գնդապետ Նաիրա Գևորգյանը հայտարարել էր, թե դեկտեմբերի 7-8-ին Մեղրիի զորամասի ուղղությամբ արձանագրվել է ներթափանցման փորձ, որը հետ է մղվել ՀՀ ԶՈւ-ի կողմից։ Միաժամանակ վերադասի կողմից տրվել է «չկրակել» հրաման։
«Հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև Հայաստանի Հանրապետության, նրա պետական ինստիտուտների ու բանակի դեմ ուղղված տեղեկատվական գրոհի հերթական անհաջող ու ձախողված փորձ։ ԶԼՄ-ի գործընկերներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նմանօրինակ հերյուրանքների արտատպումից և չներքաշվել ՀՀ շուրջ հիբրիդային սպառնալիքներ ստեղծելու դատապարտելի գործընթացի մեջ»,– նշել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
ՊՆ-ի խոսնակը նշել է, թե հույս ունի, որ պատկան մարմինները ևս կուսումնասիրեն տվյալ հայտարարությունը և կդիտարկեն դրան իրավական գնահատական տալու հնարավորության հարցը։
Sputnik Արմենիա
