ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հայտնում են Կրեմլից։
Նեթանյահուի հետ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Պուտինը ներկայացրել է Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումը՝ ուղղված տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման նպատակով քաղաքական-դիվանագիտական քայլերի ակտիվացմանը։ Ռուսական կողմը հաստատել է միջնորդական ջանքերը շարունակելու և բոլոր շահագրգիռ պետությունների մասնակցությամբ կառուցողական երկխոսության զարգացմանը նպաստելու պատրաստակամությունը։
Ավելի ուշ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։
Նրա խոսքով՝ Կրեմլը մոտ ժամանակներս կհայտնի բանակցությունների մանրամասները։ Պեսկովը նշել է, որ տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված՝ ընդգծելով, որ Ռուսաստանի նախագահը շարունակում է ջանքեր գործադրել իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսրայելը և Իրանը 2025 թվականի դեկտեմբերի վերջին Իրանում զանգվածային բողոքների սկսվելուց կարճ ժամանակ առաջ Ռուսաստանի միջոցով գաղտնի ազդանշաններ են փոխանցել միմյանց՝ կանխարգելիչ հարվածներից ձեռնպահ մնալու պատրաստակամության մասին։
Զանգվածային բողոքները Իրանում սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ իրանական ռիալի փոխարժեքի կտրուկ անկումից և գների աճից հետո։
Armenia Today
