Логотип

Պուտինը Մարիամ Մերաբովային Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում է շնորհել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երգչուհի Մարիամ Մերաբովային շնորհել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական կայքում։

«Մոսկվա քաղաքի «Կոբզոն» մշակութային հիմնադրամի արտիստ, մեներգչուհի Մարինա Օնիկի Մերաբովային շնորհել «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» պատվավոր կոչումը»,-նշված է հրամանագրում։

Ռուսաստանցի հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան «Ձայնը» և «Երեք ակորդ» նախագծերի եզրափակիչ փուլի մասնակից է։

Մարիամ Մերաբովան մեծ ճանաչում ձեռք բերեց 1998 թվականին, երբ ամուսնու հետ ստեղծեց «Միրայֆ» դուետը։ Երկու տարի անց թողարկվեց նրանց դեբյուտային ալբոմը։ 2014 թվականին նրան հրավիրեցին մասնակցելու «Ձայնը» հեռուստաշոուին, որտեղ Լեոնիդ Ագուտինի ղեկավարությամբ երգչուհին հասավ մինչև եզրափակիչ։ Հանդիսատեսին նա հայտնի է նաև որպես «Երեք ակորդ» հանրահայտ հեռուստանախագծի մասնակից։

Մերաբովան ծնվել է Երևանում, որտեղ աշխատանքի բերումով Թբիլսիից տեղափոխվել էր նրա մայրը։ Այդ պատճառով էլ մանկուց մեծացել է երկու մշակույթների և երկու քաղաքների միջև։

1998 թվականին ապագա ամուսնու՝ պրոդյուսեր Արմեն Մերաբովի հետ Մարիամը սկսում է աշխատել «Միրայֆ» ջազային նախագծի շուրջ։ 2000 թվականին կայացել է նախագծի առաջին՝ «The Bridge» ալբոմի շնորհանդեսը։ 2004 թվականին Մերաբովան առաջարկ է ստացել մասնակցելու «We Will Rock You» մյուզիքլին՝ խաղալով գլխավոր դերերից մեկը։

Մարիամը երաժշտությամբ զբաղվում է հինգ տարեկանից։ Իր հարցազրույցներից մեկում նա նշել է, որ բեմն իր համար ռենտգենի նման բան է. բեմում չի կարելի ձևացնել։

«Ինձ համար չափանիշը ո՛չ ինձ, ո՛չ էլ որևէ մեկին չխաբելն է։ Առաջին հերթին երաժշտական տեսանկյունից՝ չի կարելի իջեցնել մասնագիտական նշաձողը»,-ասել է նա։

Մերաբովան շատ է սիրում հայկական երաժշտություն։ Sputnik-ին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ իր սիրելի երգն Էլվինա Մակարյանի «Մեղեդին» է, ինքը հաճախ է կատարում այն հենց հայերեն։

Երգչուհին փորձարկումներ է արել տարբեր ժանրերում, բայց միշտ վերադարձել է ջազին։ Նույնիսկ ջազային ոճով կատարել է իր սիրելի օպերային արիաները։

Sputnik Արմենիա