ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ խոսել է 2026 թվականի հունվարի 1-ից սկսվող Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների մասին։
«Հաշվի առնելով աշխարհաքաղաքական լարվածությունը՝ լիովին տրամաբանական է, որ առաջնային է դառնա համաշխարհային ասպարեզում ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական շահերի և նախաձեռնությունների առաջխաղացման խնդիրը», – ասել է նա։
Պուտինը նշել է, որ ռուսական սպառազինությունն ապացուցել է իր արդյունավետությունը իրական մարտական գործողություններում, և Մոսկվան ՀԱՊԿ դաշնակիցներին առաջարկում է սկսել ՀԱՊԿ ուժերը ժամանակակից ռուսական զենքով համալրելու ծրագիրը։
«Ռուսաստանը կշարունակի հետագայում ևս սերտորեն համագործակցել իր դաշնակիցների հետ ՀԱՊԿ-ի ռազմական ներուժի ամրապնդման հետ կապված բոլոր հարցերում։ Հիմնական ջանքերը կկենտրոնացնենք ազգային զորակազմի մարտունակության բարձրացման և հավաքական ուժերի կառավարումը կատարելագործելու վրա», – ասել է նա։
Նախատեսվում է հատուկ շեշտ դնել պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցության խորացման վրա։
ՌԴ նախագահն առաջարկել է նաև սկսել նախապատրաստել ՀԱՊԿ-ի հակաահաբեկչական նոր ռազմավարությունը։ Ըստ նրա` Մոսկվան մտադիր է զարգացնել միավորման երկրների համագործակցությունը՝ իրական դաշնակցային, բարեկամական, բարիդրացիության և հարգանքի սկզբունքների հիման վրա։
Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ՀԱՊԿ պետությունների ղեկավարները որոշել են խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2026 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանում։
ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը։
Sputnik Արմենիա
