Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը, որը կկայանա օգոստոսի 15-ին Ալյասկայում, կմեկնարկի դեմ առ դեմ զրույցով, ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։
Հանդիպման առանցքում Ուկրաինայի խաղաղ կարգավորման հարցն է, այն տեղի կունենա Անքորիջի (Ալյասկա) Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում:
Պուտինի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ առաջնորդները բանակցությունները կսկսեն Մոսկվայի ժամանակով ժամը 22:30-ին՝ դեմ առ դեմ զրույցով, ապա կշարունակեն դրանք «5-ը 5-ի» ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Ալյասկայի ամենամեծ քաղաքի՝ Անքորիջի երկինքը օգոստոսի 15-ին ժամանակավորապես կփակվի հանդիպման համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռուսական պատվիրակության կազմում են Ուշակովը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և նախագահի հատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևը: Ամերիկյան պատվիրակության կազմն արդեն հաստատվել է, սակայն մասնակիցների անունները դեռևս չեն հրապարակվել: Բանակցություններից հետո նախատեսվում է համատեղ մամուլի ասուլիս: Գագաթնաժողովի հիմնական թեման ուկրաինական ճգնաժամի կարգավորումն է: Կողմերը կքննարկեն նաև տնտեսական համագործակցությունը և համաշխարհային անվտանգությունը:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ խաղաղության հասնելու համար Ռուսաստանը և Ուկրաինան կարող են փոխադարձ տարածքային զիջումներ անել: Ըստ The Wall Street Journal-ի՝ տարբերակներից մեկը ներառում է Դոնեցկի ամբողջ շրջանը Մոսկվային հանձնելը՝ Կիևին Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Սումիի և Խարկովի շրջանների տարածքները վերադարձնելու դիմաց։
Armenia Today