Логотип

Պուտինի հատուկ բանագնացն այցելել է Փարիզ, որտեղ բանակցություններ է վարել Ուիթքոֆի և Քուշների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները չորեքշաբթի Փարիզում հանդիպել են Ռուսաստանի դեսպան Կիրիլ Դմիտրիևի հետ՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ԱՄՆ ծրագիրը քննարկելու համար, գրում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Ըստ լրատվամիջոց հաղորդագրության՝ Թրամփի ծրագրի գրեթե բոլոր ասպեկտների վերաբերյալ Ուկրաինայի հետ համաձայնության գալուց հետո Սպիտակ տունը ցանկանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից հստակ պատասխան ստանալ այդ առաջարկի վերաբերյալ:

Մինչ այժմ Պուտինը հրապարակային որևէ նշան չի ցուցաբերել ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցվող գործարքի հետ համաձայնության կամ նույնիսկ լուրջ քննարկման վերաբերյալ: Ֆրանսիական Le Monde պարբերականը չորեքշաբթի առաջին անգամ հայտնել է, որ Դմիտրիևին նկատել են Փարիզում ԱՄՆ դեսպանատան մոտ: Սպիտակ տունը և Դմիտրիևի մամուլի քարտուղարը հրաժարվել են մեկնաբանություն տալ:

Պուտինի բանագնացի հետ հանդիպումը տեղի է ունեցել, երբ Ուիթքոֆը և Քուշները երկօրյա բանակցություններ են վարել ուկրաինացի և եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց թվում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու և Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ:

Այս բանակցությունները կենտրոնացած էին երկու հիմնական հարցերի՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների և Ուկրաինայի կողմից Դոնբասի արևելյան շրջանում տարածքային հնարավոր զիջումների վրա։

Զելենսկին հինգշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև անվտանգության համաձայնագիրը «էապես պատրաստ է Թրամփի հետ ամենաբարձր մակարդակով վերջնականապես ամրագրելու համար»։

Զելենսկին նշել է նաև, որ Ուկրաինային տեղեկացվել է, որ ԱՄՆ-ն կփոխգործակցի Ռուսաստանի հետ ներկայիս առաջարկի շուրջ։

Ուկրաինացի պաշտոնյաները Axios-ին հայտնել են, որ հնարավոր է, որ Զելենսկին հաջորդ շաբաթ մեկնի ԱՄՆ՝ Թրամփի հետ հանդիպելու և անվտանգության համաձայնագիրը վերջնականապես ամրագրելու համար։

Մյուս տարբերակը՝ հանդիպել Դավոսում անցկացվելիք Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ։

News.am