Логотип

Պուտինն ԱԽ-ին հանձնարարական է տվել. ՌԴ-ն կպատասխանի հնարավոր միջուկային փորձարկումներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններին, հատուկ ծառայություններին և համապատասխան մյուս գերատեսչություններին վերլուծել միջուկային փորձարկումների հնարավոր վերսկսման մասին ԱՄՆ հայտարարությունները և հնարավոր պատասխան քայլերի վերաբերյալ առաջարկություն ներկայացնել Անվտանգության խորհրդին:

ՌԴ նախագահի սույն որոշումը հաջորդել է Դոնալդ Թրամփի հայտարարությանը, ըստ որի՝ ԱՄՆ նախագահը կարգադրել է փորձարկումներն անցկացնել «հավասար պայմաններում» նմանատիպ ծրագրեր ունեցող այլ երկրների հետ: Ռուսաստանի նախագահն այդ հայտարարություններն անվանել է «լուրջ հարց» և նշել, որ ԱԽ-ն արդեն վերլուծել է ամերիկյան կառավարող շրջանակներում հնչող հռետորաբանությունը:

«Անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկատվություն հավաքել, այն վերլուծել Անվտանգության խորհրդի հարթակում և համաձայնեցված առաջարկներ ներկայացնել միջուկային զենքի փորձարկումների նախապատրաստման աշխատանքների հնարավոր մեկնարկի մասին», – հայտարարել է Պուտինը ԱԽ նիստում:

Քննարկման ընթացքում պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն առաջարկել է «անհապաղ սկսել լայնածավալ միջուկային փորձարկումների նախապատրաստումը»՝ վկայակոչելով փոփոխված միջազգային իրավիճակը։ Պուտինն իր հերթին հանձնարարել է ԳՇ պետ Վալերի Գերասիմովին ներկայացնել ռազմական հրամանատարության դիրքորոշումը այս հարցի մասին:

Պուտինն ասել է նաև, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հեռագիր է ուղարկել Մոսկվա՝ Դոնալդ Թրամփի խոսքերի վերաբերյալ պարզաբանումներով:

«ԱԳՆ-ն հեռագիր է ստացել Վաշինգտոնում մեր դեսպանից՝ ԱՄՆ նախագահի արտահայտությունների կապակցությամբ։ Մենք ուշադիր ուսումնասիրում ենք բոլոր մանրամասները», – նշել է Պուտինը։

ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ երկիրը խստորեն հետևում է միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրին և չի նախատեսում հրաժարվել իր միջազգային պարտավորություններից:

«Ռուսաստանը միշտ անշեղորեն հավատարիմ է եղել պայմանագրին, և մենք դրանից հեռանալ չենք ծրագրում», – հայտարարել է նա:

Դրա հետ մեկտեղ Պուտինը հիշեցրել է, որ դեռևս 2023 թվականին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում զգուշացրել էր, որ եթե ԱՄՆ-ն կամ պայմանագրի մյուս մասնակիցները որոշեն միջուկային փորձարկումներ անցկացնել, Ռուսաստանը ստիպված կլինի հայելային պատասխան տալ։

«Եթե Միացյալ Նահանգները կամ այլ պետություններ նման փորձարկումներ իրականացնեն, Ռուսաստանը համապատասխան գործողություններ կձեռնարկի»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք՝ միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագիրը, որն ընդունվել է ՄԱԿ-ի կողմից 1996 թվականին, արգելում է ցանկացած միջուկային պայթյուն: Ռուսաստանն 2000-ին այն վավերացրել է, ԱՄՆ-ն՝ ոչ։

2023 թվականին Վլադիմիր Պուտինն արդեն հայտարարել էր, որ Մոսկվան հայելային պատասխան կտա, եթե Վաշինգտոնը կամ այլ երկրներ վերսկսեն փորձարկումները։

Sputnik Արմենիա