ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աջակցել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի՝ Բուդապեշտում ռուս-ամերիկյան գագաթնաժողով անցկացնելու գաղափարին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Բուդապեշտն առաջինը նախագահ Թրամփն է հիշատակել, և մեր նախագահն անմիջապես աջակցել է եվրոպական այս մայրաքաղաքում հնարավոր գագաթնաժողով անցկացնելու գաղափարին»,-ասել է Ուշակովը:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների զրույցը, որը տևել է 2,5 ժամ, նա գնահատել է որպես «չափազանց անկեղծ ու փոխվստահությամբ լի»:
«Հասկանալի է, որ այն շատ բովանդակալից բնույթ էր կրում և միևնույն ժամանակ խիստ անկեղծ էր ու վստահությամբ լի»,-ասել է Ռուսաստանի ղեկավարի օգնականը:
Նրա խոսքով՝ գագաթնաժողովի նախապատրաստումը կսկսվի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցով, որը կկայանա արդեն առաջիկա օրերին:
Երկու երկրների առաջնորդների զրույցի ընթացքում հատուկ շեշտադրվել են ուկրաինական ճգնաժամի հարցերը։
Պուտինը Թրամփի հետ զրույցում մանրամասն գնահատականներ է տվել ուկրաինական ճգնաժամի հետ կապված իրավիճակին։ Նա նշել է, որ ռազմավարական նախաձեռնությունը լիովին Ռուսաստանի ԶՈւ-ի ձեռքում է մարտական շփման գծի ողջ երկայնքով։ Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է ՌԴ-ի հավատարմությունը Ուկրաինայում կարգավորման քաղաքական-դիվանագիտական ուղուն:
Ուշակովի խոսքով՝ զրույցի ընթացքում շոշափվել է Կիևին Tomahawk հրթիռների մատակարարման խնդիրը։ Պուտինը կրկնել է այն թեզը, որ Կիևին այդ հրթիռների հնարավոր մատակարարումը չի փոխի իրավիճակը ռազմաճակատում, բայց կվնասի Ռուսաստանի և ԱՄՆ հարաբերություններին:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները պայմանավորվել են կապի մեջ մնալ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ զրույցը, այն անվանել էր «շատ արդյունավետ»:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների ներկայիս հեռախոսազրույցն արդեն ութերորդն է 2025 թվականի ընթացքում։ Թրամփի ընտրվելուց հետո առաջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել փետրվարի 12-ին։
Sputnik Արմենիա