Հորմուզի նեղուցով տեղափոխումից կախված նավթի արդյունահանումը կարող է ամբողջությամբ կանգ առնել հաջորդ ամսվա ընթացքում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հորմուզի նեղուցից կախված նավթի արդյունահանումը կարող է ամբողջությամբ կանգ առնել հաջորդ ամսվա ընթացքում։ Այն արդեն սկսել է նվազել»,- համաշխարհային նավթի և գազի շուկաներում ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ասել է Պուտինը։
Ըստ նրա՝ առանց Հորմուզի նեղուցի օգտագործման Մերձավոր Արևելքի նավթի մատակարարումների լրիվ անցումը ներկայում, գոնե առայժմ, անիրատեսական է։ «Լոգիստիկայի փոփոխությունը ոչ միայն երկար ժամանակ, այլև զգալի ծախսեր կպահանջի ենթակառուցվածքների, ծովային տերմինալների ընդլայնման և այլնի վրա։ Եվ, իհարկե, դա կապված կլինի բարձր քաղաքական ռիսկերի հետ, որոնք դեռևս չեն վերացել»։
«Մինչդեռ սպառողներն այսօր նավթի կարիք ունեն։ Արդյունքում, ինչպես հստակ տեսնում ենք, նավթի համաշխարհային գները բարձրանում են. միայն վերջին շաբաթվա ընթացքում դրանք աճել են ավելի քան 30 տոկոսով։
Նմանատիպ իրավիճակ է ստեղծվում նաև համաշխարհային գազի շուկայում։ Մերձավոր Արևելքից հեղուկացված բնական գազի մատակարարումները կտրուկ նվազել են։ Տարածաշրջանում արտադրական հզորությունները կրճատվել են, և դրանց վերականգնման համար շաբաթներ, եթե ոչ ամիսներ կպահանջվեն։ Անհնար է արագ փոխհատուցել կորցրած ծավալները։ Արդյունքում, իմ կարծիքով, համաշխարհային գազի գները ևս բարձրանում են նույնիսկ ավելի արագ, քան նավթի գները։
Այդ առումով կցանկանայի ընդգծել. ներկայիս պայմաններում գնորդների միջև մրցակցությունը էներգակիրների մատակարարների, կայուն, կանխատեսելի նավթի և գազի մատակարարումների համար սրվում է։
Այդ կապակցոթյամբ, ես, անշուշտ, չեմ կարող չնշել և չհիշեցնել ոչ միայն այստեղ ներկա իմ գործընկերներին, այլև մեր բոլոր սպառողներին ընդհանրապես, որ կայունությունը հենց այն է, ինչով միշտ հայտնի են եղել ռուսական էներգետիկ ընկերությունները։
Ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության պայմաններում համաշխարհային վառելիքի և էներգետիկ լոգիստիկան կտեղափոխվի ավելի շահավետ և խոստումնալից շուկաների օգտին։ Միևնույն ժամանակ, կարևոր է հասկանալ, որ ներկայիս ապրանքային բարձր գները, իհարկե, ժամանակավոր են։ Մենք դա հասկանում ենք. ակնհայտ է, և մենք պետք է գործենք դրանից ելնելով։ Ահա թե ինչու խնդրեցի ձեզ հանդիպել և խորհրդակցել այն մասին, թե ինչպես պետք է համակարգենք մեր ջանքերը մոտ ապագայում»։
News.am
