Ռուսաստանն Իրանին զենք մատակարարելու լիակատար իրավունք ունի, եթե համապատասխան որոշում կայացվի։ Այս մասին հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը՝ տեսակապով ելույթ ունենալով Երևանի «Ռուսական տանը» կայացած կլոր սեղանի ժամանակ։
Այս դիրքորոշումը նա հիմնավորել է ընթացիկ միջազգային իրավիճակով։ Պրիմակովը հիշեցրել է, որ Մոսկվայի և Թեհրանի միջև գործում է ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր, որը չի նախատեսում ռազմական համագործակցություն։ Սակայն, հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային սպառազինության մատակարարումները, Ռուսաստանն իրավունք ունի Իրանի նկատմամբ հայելային քայլեր դիտարկել։
Միաժամանակ նա մատնանշել է հարցի գործնական կողմը։
«Շարունակվող մարտական գործողությունների պայմաններում իրանական տարածքում մատակարարված սպառազինության ոչնչացման ռիսկ կա»,-նշել է Պրիմակովը։
Մեկնաբանելով Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունը՝ Պրիմակովը նշել է, որ տեղի ունեցողը կասկածի տակ է դնում Վաշինգտոնի միջնորդությամբ բանակցային ձևաչափերի արդյունավետությունը։ Նրա գնահատմամբ՝ դա անխուսափելիորեն արդիականացնում է ամերիկյան միջնորդության արդյունավետության հարցը նաև ուկրաինական կարգավորման շրջանակներում։
Բացի այդ, նա կասկածամտորեն է վերաբերվում Իրանի ներքին ապակայունացմանը վերաբերող հույսերին։ Հանրապետությունը բավարար ներքին կայունություն է պահպանում, ինչը, Պրիմակովի խոսքով, հաստատվել է վերջերս Իրան կատարած իր այցի ժամանակ։
Sputnik Արմենիա
