Մոսկվայում գոհ են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր ռազմական գործողություններ չկան, սակայն «Թրամփի ուղու» իրականացումը լուրջ կասկածներ է առաջացնում։ ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովն այս մասին ասաց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ Մոսկվա-Մինսկ-Աստանա-Երևան-Տաշքենդ-Թբիլիսի տեսակամրջի ժամանակ։
«Չեմ կարծում, որ այդ ծրագիրը հեշտ իրագործելի կլինի։ Բազմաթիվ հարցեր են առաջանում` հատկապես հաշվի առնելով, որ Թրամփի վարչակազմը տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռու է։ Այստեղ կան Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը։ Ուստի դա պետք է լինի խաղաղության, համագործակցության ճանապարհ, ձեռնտու լինի բոլոր կողմերին` և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»,- ասաց Ջաբարովը ։
Խորհրդարանականը շեշտեց, որ ապագա տրանսպորտային զարկերակը չպետք է լինի ճանապարհ, որը մի երկրին շահույթ կբերի ի վնաս մյուսի։ Պետք է շահերի հավասարակշռություն լինի, որպեսզի բոլոր կողմերը օգուտ ստանան։
Ջաբարովի կարծիքով՝ Ռուսաստանը շարունակում է առանցքային դեր ունենալ Հարավային Կովկասի կայունության ապահովման գործում։ Նա վստահ է, որ առանց Ռուսաստանի մասնակցության չի հաջողվի մինչև վերջ լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրները։
«Ռուսաստանն այն երկիրն է, որ շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ ու ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններով։ Այդ ճանապարհը պետք է ծառայի պետությունների զարգացմանը, ոչ թե երրորդ երկրների շահերին»,-ընդգծեց նա։
Ջաբարովի խոսքով՝ Թրամփն արեց իր գործը, և տարածաշրջանի իրադարձությունները նրան այլևս չեն հետաքրքրում։