Լրատվամիջոցները տեղեկություն են տարածել բացի ամենայնից նաև «մշակույթ» բառը ներառող երկար անվանումով նախարարության նոր նախաձեռնության մասին: Հենց այն նախարարության, որը շարունակ պատրաստվում է Ակադեմքաղաք կառուցել Փաշինյանի պատվերի, ավելի ճիշտ՝ զառանցանքի համաձայն։ Նույն այն նախարարության, որը Նիկոլի պատվերով չգիտես ինչու որոշել է փոխարինել «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի անվանումը «Հայաստանի պատմություն» անվամբ։ Եվ այլն, և այդպես շարունակ՝ Փաշինյանի «մեսիական գաղափարների» ոգով։
ՀԻՄԱ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ։ Իրավական ակտերի e-draft.am միասնական կայքում քննարկման է դրվել «իրական Հայաստանի գեղագիտության հայեցակարգը»: Ըստ «հայեցակարգի»՝ պետության կողմից ֆինանսավորվող կրթամշակութային ծրագրերը պետք է բացառեն պատերազմի և վրեժի քարոզչությունը, ուղղված լինեն «տարածաշրջանում համակեցության միջավայրի ձևավորմանը և խրախուսմանը»:
Փաստաթուղթը հայտնվեց այն բանից մեկ օր անց, երբ հողային վեճի մասին Ստեփան Զորյանի պատմվածքի մոտիվներով ներկայացման ժամանակ Փաշինյանը դիտողություն արեց ստեղծագործական խմբին, թե նրանք իրական սահմանների արժեքը գիտակցելու փոխարեն՝ հանդիսատեսին հանգեցնում են Արևմտյան Հայաստանի համար ողբի: Ինչպես բացատրեց Փաշինյանը հանդիսատեսին, դերասաններին և բեմադրության հեղինակներին, ներկայացման գլխավոր ուղերձը պետք է լինի ոչ թե այն գաղափարը, որ հարկավոր է արգելապատնեշները կոտրող առաջնորդ, ինչպես ասվում է հեղինակային տեքստում, այլ նա, ով արգելապատնեշներ է դնում…
Հասկանալի է, որ համեստ Փաշինյանն այդպիսի առաջնորդ է համարում իրեն, քանի որ պատ է շարել հայ-ադրբեջանական սահմանին՝ Կիրանց գյուղի մոտ, հիմա այնտեղ 40 նոր տուն է կառուցում՝ Կիրանցը յուրատեսակ օրինակելի «պոտյոմկինյան գյուղ» դարձնելու հաշվարկով։ Ասել է թե՝ ի՜նչ հիանալի է կյանքը սահմանազատում անցած հատվածների մոտ գտնվող բնակավայրերում։ Թեև ի՞նչն է խանգարում նրան տներ կառուցել այլ գյուղերում։ Հաստատ ոչ սահմանազատման բացակայությունը։
Վերադառնանք երկար անվանումով նախարարության «հայեցակարգին»՝ մշակված Փաշինյանին հաճոյանալու համար, որը ցուցում է տալիս դերասաններին ու ռեժիսորներին, թե հանդիսատեսին հղված ինչ գլխավոր ուղերձ պետք է կրի նրանց բեմադրությունը: Սոցցանցերում Փաշինյանին արդեն համեմատում են «Կառնավալային գիշեր» ֆիլմի հայտնի Օգուրցովի հետ, որն իր բթամտությամբ ձգտում էր գորշության ու ճղճիմության վերածել Նոր տարվա տոնակատարությունը և սովորեցնում մշակույթի աշխատողներին, թե ինչպես երգել ու պարել. բոլոր տխմարները նման են միմյանց։
Իհարկե, Փաշինյանի քարոզիչները կասեն, թե «հայեցակարգը» ճիշտ է, քանի որ այն ռևանշիզմի դեմ պայքարի համատեքստում է, ինչը Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված, բայց դեռևս չստորագրված խաղաղության համաձայնագրի կետ է։ Իրականում սա քայլ է դեպի մշակույթի գրաքննություն, քանզի ցանկության դեպքում բազմաթիվ երևելի ստեղծագործություններ կարող են վերագրվել պատերազմի և վրեժխնդրության քարոզչության: Սկսած «Պատերազմ և խաղաղություն»-ից մինչև «Վարդանանք» և «Սուսերով պար»: Նայած թե ով է գրաքննիչը։ Իսկ հայեցակարգի ընդունման դեպքում գրաքննիչը կլինի, իհարկե, եթե ոչ Ռոմանոսը, ապա լավագույն դեպքում Վահագն Ալեքսանյանի կարգի մեկը։
Հայեցակարգը սպառազինության առնելուց հետո կառավարությունը չի խրախուսի (գործնականում կարգելի) մշակութային այն միջոցառումները կամ ստեղծագործությունները, որոնք պատմում են հայ զինվորների սխրանքների կամ Ցեղասպանության մասին, քանի որ Ադրբեջանը կարող է գնահատել նման ստեղծագործությունները որպես պատերազմի և վրեժի քարոզչություն, հետևաբար՝ ռևանշիզմ։
Ի՞նչ ծրագրեր կխրախուսի նախարարությունը։ Պետք է ենթադրել՝ սկետչներ, որոնք պատմում են այն մասին, թե ինչ ուրախ է դարձել մեր կյանքը:
Երկար անվանումով նախարարությունն այդքանով չպետք է կանգ առնի։ Հարկավոր է վերացնել պետական մեծ գործիչների և անցյալի հերոսների մասին պատմող բոլոր հուշարձանները, չէ որ դրանք ռևանշի ձգտման անմիջական ակնարկներ են։ Դրանց փոխարեն ՝ բոլոր գլխավոր մայրուղիներում տեղադրել Փաշինյանի և Ջենիֆեր Լոպեսի կիսանդրիները. սիրո, մարդու հետ մարդու համակեցության և երջանիկ ներկայի գլխավոր խորհրդանիշները, որն արդեն եկել է։ Վովաևիչն ասաց։