Логотип

Ջեֆրի Սաքս․ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը կարող է վերաճել երրորդ համաշխարհայինի

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի մարտական գործողությունները կարող են վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի, եթե էսկալացիան շարունակվի։ Նման կարծիք է հայտնել ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի (Նյու Յորք) Կայուն զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը։

«Պատերազմը կդադարի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի դեմ համաշխարհային զայրույթն ու հակակրանքը ստիպեն այդ երկրներին կանգ առնել։ Հակառակ դեպքում մենք, ամենայն հավանականությամբ, ականատես կլինենք կրակների մեջ հայտնված Մերձավոր Արևելքի։ Այս հակամարտությունը հեշտությամբ կարող է վերածվել համաշխարհային հրդեհի՝ փաստացի Երրորդ համաշխարհային պատերազմի»,- նշել է նա ճապոնական Nikkei Asia պորտալին տված հարցազրույցում։

Սաքսը հավելել է, որ մարտական գործողությունները կարող են դուրս գալ վերահսկողությունից, քանի որ ԱՄՆ-ն և Իսրայելը «հաստատակամորեն մտադիր են հեգեմոնիա [հաստատել] արաբական աշխարհում և Արևմտյան Ասիայում»։ Նրա կարծիքով՝ երկու երկրներն իրենց վերջնական նպատակն են համարում «Մեծ Իսրայելի» ստեղծումը, որը «կկլանի ողջ պատմական Պաղեստինը», արաբական երկրներին կզրկի սուվերենությունից և իր վերահսկողության տակ կվերցնի տարածաշրջանից նավթի ու գազի արտահանումը։

Պրոֆեսորն ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմը և հրեական պետությունը մոլորության մեջ են՝ կարծելով, թե տարածաշրջանի երկրները «ցանկանում են, որ Իսրայելն այդքան անվերահսկելի պահի իրեն»։ Ըստ փորձագետի՝ ոչ մի պետություն չի ցանկանա, որ ԱՄՆ-ն վերահսկի էներգակիրների արտահանումը։ Սաքսը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում մարտական գործողությունները շարունակվելու դեպքում աշխարհը կհայտնվի աննախադեպ էներգետիկ ճգնաժամի մեջ, իսկ դրանց տնտեսական հետևանքները կարող են «աղետալի» լինել։

News.am