Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով հերթական դատական նիստի ժամանակ այսօր իրեղեն ապացույցների քննության շրջանակում դատարան բերվեցին 15 զինվորների մահվան պատճառ դարձած բենզինի տարան, դիզվառելիքով լցված այլ տարաներ ու այլ ապացույցներ:
Ապացույցների ուսումնասիրությունից հետո տուժողների իրավահաջորդների փաստաբան Նորայր Նորիկյանը հայտարարեց, որ իրեղեն ապացույցները կրկնապատկեցին իր` նախկինում ունեցած համոզմունքը։
«Աբսուրդ է՝ «Բյուրեղ» ջրի տարաներով ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանմանը մատակարարվել է բենզին ու դիզվառելիք, որը դարձել է, ըստ դատարանում քննվող քրեական վարույթի, այդ ողբերգության պատճառներից մեկը: Սա ակնհայտ է, և նաև հանրային մեղադրողների ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ մինչ այս պահն այս գործընթացին ու այս հանգամանքին չի տրվել իրավական գնահատական այն առումով, թե արդյոք համապատասխանել են նշված կացարան դիզվառելիքի տեղափոխման, պահպանման ու դրա անվտանգության ապահովման հանգամանքները»,– ասաց Նորիկյանը։
Փաստաբանը հավելեց, որ ցանկացած ողջամիտ մարդու համար անհասկանալի է, թե ինչպես կարող էր ԶՈւ-ում նման տարաներով դիզվառելիքի կամ բենզինի տեղափոխում իրականացվել, առավել ևս` օգտագործվել պլաստմասսայե շշերով։
«Ակնհայտ է, որ գործ ունենք ոչ միայն անփութության, այլև հանցավոր անգործության հետ, որը հանգեցրել է այս ողբերգությանը»,– ընդգծեց փաստաբանը։
Նորիկյանի համար ուշագրավ է նաև այն, որ դեպքի վայրից դուրս բերված որոշ հագուստներ այրված չեն եղել, իսկ որոշների վրա եղել է մկրատով կտրված լինելու հետքեր, ինչը դեռևս պարզ չէ, թե ինչ հանգամանքներում է առաջացել։
Հաջորդ դատական նիստի ժամանակ, որը կկայանա փետրվարի 20–ին, արդեն կլսեն գործով մեղադրյալներին։
Sputnik Արմենիա
