Логотип

ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ․ ՆԱՏՕ-Ն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՆԵՐԽՈՒԺՈՒՄ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ

Ռազմական փորձագետներ Անատոլի Մատվիյչուկը և Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ին տված հարցազրույցներում մեկնաբանել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը ՆԱՏՕ-ի չափանիշներին ադրբեջանական բանակի անցման մասին։

«Իհարկե, Ռուսաստանը դրան չափազանց բացասաբար է վերաբերվում։ Բանն այն է, որ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցումը ոչ միայն ինչ-որ արտոնությունների կամ սպառազինությունների ստացում է, այլ քաղաքականության փոփոխություն։ Փաստորեն, ՆԱՏՕ-ն ամբողջությամբ ներխուժում է Հարավային Կովկաս։ Փաշինյանը ոչ ադեկվատ քաղաքականություն է վարում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցում, իսկ այժմ Ալիևն, ըստ էության, սպառնալիք է դառնում Հարավային Կովկասում Ռուսաստանի ազգային շահերի համար»,- ասել է Մատվիյչուկը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը ստեղծված իրավիճակի վրա ազդելու լծակներ ունի։

«Այսօր Ռուսաստանը շահեր ունի Հարավային Կովկասում և չի պատրաստվում որևէ կերպ դրանցից հրաժարվել: Կարծում եմ՝ Ռուսաստանն ավելի ճկուն քաղաքականություն կվարի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ։ Եվ, իհարկե, տնտեսական և ֆինանսական արտոնությունների սահմանափակումներ կկիրառվեն այն երկրների համար, որոնք բացահայտ քարոզում են ՆԱՏՕ-ի քաղաքականությունը և մերձենում դաշինքի հետ»,- ընդգծել է Մատվիյչուկը:

Փորձագետի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի գործողությունները Ռուսաստանին անտարբեր չեն թողնի, իսկ Մոսկվայի նկատմամբ մշտական սադրանքները կարող են գլոբալ հակամարտություն առաջացնել։

«Եվրոպայում, Հարավային Կովկասում և ընդհանրապես աշխարհում ՆԱՏՕ-ի ողջ քաղաքականությունն, ինչպես գիտեք, առճակատում է, որը տանում է կամ միջուկային աղետի, կամ Երրորդ համաշխարհային պատերազմի։ Նրանք արդեն անցել են բոլոր հնարավոր սահմանները։ Եթե նայեք քարտեզին, այսպես կոչված «անակոնդայի օղակն» արդեն շրջապատել է և փորձում է սեղմել Ռուսաստանի Դաշնությունը։ Ռուսաստանն, իհարկե, չի հաշտվի դրա հետ։

Մենք պաշտպանելու ենք Կալինինգրադի շրջանը, պաշտպանելու ենք մեր շահերը Հարավային Կովկասում, պաշտպանելու ենք շահերը Ուկրաինայում։ Իսկ ՆԱՏՕ-ի հետ առճակատումը և ճգնաժամային իրավիճակները կարող են հանգեցնել հենց նման ելքի՝ միջուկային կոլապսի կամ Երրորդ համաշխարհային պատերազմի»,- եզրափակել է Մատվիյչուկը:

Ալեքսեյ Լեոնկովը ասել է․ «Երբ մի երկիր, որը ՆԱՏՕ-ի անդամ չէ, անցնում է ՆԱՏՕ-ի չափանիշներին, դա նշանակում է, որ այն օգտագործվելու է ՆԱՏՕ-ի շահերից ելնելով՝ առանց հաշվի առնելու նրա պետականությունը, ինքնիշխանությունը, ազգային անվտանգությունը։ Եվ հատկանշական օրինակ է Ուկրաինան, որն ամեն ինչ վերափոխեց ՆԱՏՕ-ի չափանիշներին և դարձավ ՆԱՏՕ-ի զենքը Ռուսաստանի դեմ։ Եվ, ինչպես պատմությունն է ցույց տալիս, այժմ այն երկրները, որոնք ժամանակին եղել են Խորհրդային Միության կազմում, անցնելով ՆԱՏՕ-ի չափանիշներին, դառնում են այդ դաշինքի գործիքը Ռուսաստանի դեմ»,- կարծում է Լեոնկովը:

Ըստ փորձագետի՝ Ադրբեջանի գործողությունները վնասում են Հարավային Կովկասում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին:

«Կարծում եմ՝ հաջորդ քայլը կլինի ՆԱՏՕ-ի ռազմաբազաների օրինականացումն Ադրբեջանի տարածքում։ Դա կլինի ոչ այլ ինչ, քան ուղղակի սպառնալիք Ռուսաստանի Դաշնությանը, և նա ստիպված կլինի պատասխանել դրան»,- ընդգծել է քաղաքագետը։

Լեոնկովի կարծիքով՝ եթե դիվանագիտական ջանքերն արդյունք չտան, Ռուսաստանի կողմից կարող են կիրառվել ավելի կոշտ միջոցներ՝ հասունացած սպառնալիքին արձագանքելու համար։

«Կարծում եմ՝ ամեն ինչ միշտ սկսվում է դիվանագիտական մակարդակից, ապա հասնում է ռազմատեխնիկական պատասխանի։ Թույլ կտա՞ արդյոք դիվանագիտությունը դա անել։ Դա մեկ բան է։ Իսկ եթե թույլ չտա, ապա, հասկանալի է, որ վաղ թե ուշ կսկսվեն որոշակի գործողություններ, որոնք կստիպեն Ռուսաստանին անցնել հարցի ռազմատեխնիկական լուծմանը»,- ասել է քաղաքագետը:

Ալեքսեյ Լեոնկովն Ադրբեջանի նախագահին բնութագրում է որպես ոչ այնքան սուբյեկտային և կարծում է, որ նրան պակասում է որոշումների կայացման անկախությունը։

«Ալիևն ինքնուրույն քաղաքական գործիչ չէ, քանի որ անընդհատ փոխում է իր տեսակետը, ներքին և արտաքին քաղաքականությունը: Իսկ այն մարդը, ով իսկապես պաշտպանում է սեփական պետության շահերը, երբեք չի գնա միջուկային տերության դեմ առճակատման»,- եզրափակել է փորձագետը։