Логотип

ՌԴ ԱԳՆ․ ԱՄՆ-Իրան բանակցությունները Պարսից ծոցում կարգավորման հնարավորություն են բացում

ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները Պարսից ծոցում կարգավորման հնարավորություն են բացում։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

«Այսօր հնարավորություն է բացվում կարգավորելու Պարսից ծոցի գոտում ստեղծված բարդ իրավիճակը: Աշխարհի երկրների մեծ մասը սատարում են այս գործընթացին և հույս ունեն, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները, որոնք պետք է մեկնարկեն Իսլամաբադում՝ մեր պակիստանցի ընկերների միջնորդությամբ, հաջողությամբ կպսակվեն», – ասված է հայտարարության մեջ:

ԱԳՆ-ն ցավով ընդգծում է, որ կան ուժեր, որոնք արգելակում են շարժումը դեպի խաղաղություն՝ կամա թե ակամա խոչընդոտներ ստեղծելով այդ ճանապարհին:

Խոսքն այն ուժերի մասին է, որոնք ագրեսիա են սանձազերծել Իրանի դեմ, իսկ հիմա նրան մեղադրում են Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված խնդիրների համար:

Ընդգծվում է, որ նրանք չպետք է քողարկեն այն, թե իրականում ինչպես են զարգացել իրադարձությունները, և այն փաստը, որ մինչև փետրվարի 28-ը այս կարևոր ջրային զարկերակը գործում էր անխափան:

Ներկա փուլում առանցքային խնդիրը տարածաշրջանում կործանարար հակամարտության հիմնապատճառների վերացումն է, այսինքն՝ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած պատերազմի լիակատար դադարեցումը:

«Դրա հետևանքն են դարձել, ի թիվս այլոց, Արաբական թերակղզու պետությունների կրած վնասները, ինչպես նաև մարտական գործողությունները լիբանանա-իսրայելական սահմանամերձ գոտում և հրթիռառումբային հարվածները Լիբանանին, որոնք անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել»,-նշվում է հայտարարության մեջ:

Ռուսական կողմը հանդես է գալիս տարածաշրջանի երկրների միջև առկա տարաձայնությունները քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու օգտին:

Մոսկվան տրամադրված է գործընկերների հետ սերտ փոխգործակցության՝ նպատակ ունենալով աջակցել կառուցողական խաղաղ ջանքերին և ապահովել Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացումը:

Բացի այդ, ՌԴ-ն Պակիստանում ազդարարված բանակցությունների բոլոր մասնակիցներին կոչ է անում պատասխանատու մոտեցում ցուցաբերել և խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է վնասել ստեղծված հնարավորությանը։

«Վերահաստատում ենք Պարսից ծոցի գոտում անվտանգության հայեցակարգի համաձայնեցման վերաբերյալ ռուսական հայտնի նախաձեռնության արդիականությունը բոլոր մերձափնյա երկրների՝ արաբական պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև երկխոսության հաստատման միջոցով, արտաքին դերակատարների մասնակցությամբ և օգնությամբ, որոնք ունակ են անկեղծորեն նպաստել շահերի արդար և կայուն հավասարակշռության ձեռքբերմանը»,-նշվում է հայտարարության մեջ:

Sputnik Արմենիա