Логотип

ՌԴ ԱԳՆ․ ԱՄՆ-ի նոր ռազմավարության մեջ կարևոր է գլոբալիստական մոդելի սնանկության ճանաչումը

ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ ընդունվում է ԱՄՆ նախորդ վարչակազմերի համաշխարհային գերիշխանության ուղղությամբ տարված աշխատանքի ձախողումը, սակայն ժամանակը ցույց կտա` արդյոք Սպիտակ տան ներկայիս ղեկավարի թիմը կկարողանա հաշվի առնել այս դժվար արձանագրումը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։

«Նախևառաջ ուշադրություն է գրավում Վաշինգտոնի` գերիշխանության նկատմամբ նախկին հանձնառության վերանայումը. փաստաթղթում հստակ ասվում է, որ նախկինում ամերիկյան էլիտաները ծանր սխալներ են թույլ տվել իրենց հաշվարկներում` բավականին սխալ և ապակառուցողական խաղադրույք կատարելով գլոբալիզմի վրա։ Իհարկե, ժամանակը ցույց կտա, թե Թրամփի վարչակազմը որքանով կկարողանա իսկապես հաշվի առնել Ամերիկայի համար այս դժվար արձանագրումը։ Այնուամենայնիվ, կարծես այս պահին գլոբալիստական մոդելի սնանկության ճանաչումն ինքնին հատկանշական է», – նշել է Զախարովան` պատասխանելով լրատվամիջոցների հարցերին։

Նա կարևոր է համարում, որ փաստաթղթում Ռուսաստանը հիշատակվում է համաեվրոպական անվտանգության համատեքստում, ընդ որում` Ռուսաստանի համակարգային զսպման և նրա նկատմամբ տնտեսական ճնշման ուժեղացման կոչերը բացակայում են։

Այնտեղ նաև ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ ամերիկյան նոր ռազմավարությունը կոչ է պարունակում առ այն, որ ՆԱՏՕ-ն որպես անընդհատ ընդլայնվող դաշինք այլևս չընկալվի։ Այսինքն` հարցականի տակ է դրվում այս կազմակերպության աշխատանքի էքսպանսիոնիստական բնույթը։

Զախարովան նաև նշել է, որ ուկրաինական ճգնաժամին վերաբերող առանձին դրույթներ հիմք են դնում ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ գտնելու համար։ Այն թույլ է տալիս ՌԴ–ի հետ ընդհանուր շփման եզրեր գտնել, սակայն ուղենիշի փոփոխության հավանականությունը պահպանվում է։

Նշվում է, որ ռազմավարության որոշ հատվածներում Մոսկվային մտահոգում է Չինաստանի և Լատինական Ամերիկայի նկատմամբ «կոնֆլիկտային լեզվի» առկայությունը (Վենեսուելայի շուրջ առկա լարվածության պատճառով)։ Այնուամենայնիվ, Մոսկվան հույս ունի, որ ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը եվրոպական «պատերազմական կուսակցության» վրա սթափեցնող ազդեցություն կունենա։

Sputnik Արմենիա