Տարածաշրջանում սրման ֆոնին չի կարելի բացառել Լիբանանում ՄԱԿ-ի ներկայության արտակարգ դադարեցումը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Կիրիլ Լոգվինովը:
Ավելի վաղ Հարավային Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) հայտնել էին, որ «Հզբոլլահի» և Իսրայելի միջև զինված դիմակայության սրման ֆոնին երկրում իրավիճակը կտրուկ վատթարացել է: UNIFIL-ում հայտարարել են, որ ՄԱԿ-ի խաղաղապահները շարունակում են աշխատանքը Լիբանանի հարավում գործողությունների շրջաններում և «երկնագույն գծի» երկայնքով՝ խախտումներ են արձանագրում, կապ են պահպանում հակամարտող կողմերի հետ, իսկ այնտեղ, որտեղ հնարավոր է՝ աջակցում են մարդասիրական օգնության առաքմանը և քաղաքացիական անձանց պաշտպանությանը:
«Չնայած այն հանգամանքին, որ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի փուլային տարհանումը և զորակազմերի դուրսբերումը նախատեսված են միայն 2027 թվականին, «գետնի վրայի» իրական իրավիճակը, որը բնութագրվում է ծայրահեղ լարված և զարգանում է էսկալացիոն սցենարով, հուշում է, որ չի կարելի բացառել ՄԱԿ-ի ներկայության արտակարգ դադարեցումը», – ասել է Լոգվինովը:
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի խաղաղապահների կազմակերպությունը մարտի 29-ին հայտարարել էր դիրքերից մեկում արկի հարվածի հետևանքով ինդոնեզական խաղաղապահի զոհվելու մասին: Ավելի ուշ առաքելությունը հայտնել է, որ ևս երկու խաղաղապահներ զոհվել են Բանի-Հայյան շրջանում պարեկային մեքենայի վրա հարձակման հետևանքով:
Sputnik Արմենիա
