Հակառակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անհիմն հավաստիացումներին, թե մարտի 23-ին նա հրամայել է հինգ օրով դադարեցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները, մարտի 24-ին «Բուշեր» ատոմակայանի գործող 1-ին բլոկի անմիջական հարևանությամբ նոր, վտանգավոր հարված է հասցվել, ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Գերատեսչությունում ընդգծել են, որ իրենք «խիստ վրդովված են կործանարար ընթացքի նման անխոհեմ, անպատասխանատու դրսևորմամբ»։
«Պարզվում է, որ ագրեսորները միտումնավոր ձգտում են տարածաշրջանում լայնածավալ միջուկային աղետ առաջացնել՝ իրենց հանցավոր գործողությունները թաքցնելու և արդարացնելու համար, որոնք Իրանի քաղաքացիական բնակչության շրջանում արդեն բազմաթիվ անմեղ զոհերի են հանգեցրել»։
Վաշինգտոնն ու Երուսաղեմը պետք է որ մեզնից ոչ պակաս հասկանան. «Բուշեր» ատոմակայանի վրա հարվածն անխուսափելիորեն կհանգեցնի անդառնալի մարդասիրական և բնապահպանական հետևանքների։ Միայն հրաշքով առայժմ ողբերգություն տեղի չի ունեցել։ Սակայն հարվածները գնալով մոտենում են գործող էներգաբլոկին։ «Ատոմակայանի անձնակազմի, նրանց թվում՝ ռուսաստանցի մասնագետների կյանքը մշտական սպառնալիքի տակ է։ Դա մեզ համար կտրականապես անընդունելի է։
Պահանջում ենք, որ նրանք, ովքեր անզգուշորեն, անպատասխանատու և անհիմն հարձակվել են Իրանի վրա, վերադառնան առողջ բանականության և դադարեցնեն իրենց չհրահրված ագրեսիան, ներառյալ՝ հարվածները Իրանի միջուկային էներգետիկ ենթակառուցվածքներին, որոնք ընդգրկված են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) համապարփակ անվտանգության համաձայնագրով, ինչպես նաև դրա անմիջական հարևանությամբ գտնվող օբյեկտներին։
ԱԷՄԳ-ից, ՄԱԿ-ից և նրանց ղեկավարությունից ակնկալում ենք հստակ, միանշանակ դիրքորոշում և վճռական գործողություններ՝ նման հետագա հարձակումները կանխելու համար»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
News.am
