Логотип

ՌԴ ԱԳՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՁԱՄԲ Է ԸՆԴՀԱՏԵԼ ԼՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ԲԱՑ ԹՈՂԵԼ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանը ժամանակին ընդհատել է առարկայական բանակցությունները, որտեղ կար նաև հակամարտությունը կարգավորելու հնարավորւթյուն՝ հաշվի առնելով բնակչության շահերը. թող պատասխանեն, թե ում մեղքով ամեն ինչ այսպես ստացվեց։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի կառավարության կողմից ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումը։

Զախարովան նշել է, որ Մոսկվան երբեք բանակցություններ չի վարել այնպես, ինչպես Երևանում են արտահայտվել, Արցախի անկախության կամ Հայաստանին նրա միացման շուրջ։ «Ինչ վերաբերում է 2021 թվականին ԶԼՄ-ների հարցին Իգոր Վալենտինովիչ Պոպովի պատասխանին, ապա ես կցանկանայի հիշեցնել. Մինսկի խմբի այն ժամանակվա ռուսաստանցի համանախագահը փաստերով հերքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «44-օրյա պատերազմի ակունքները» հոդվածում արված այն պնդումը, թե կարգավորման վերաբերյալ ռուսական առաջարկները հանգում էին Ադրբեջանին յոթ շրջանները «հենց այնպես» վերադարձնելուն՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու։ Իրականում ամեն ինչ մի փոքր այլ է եղել, եթե ոչ լիովին հակառակը։ Դրանում համոզվելը հեշտ է. պետք է ուշադիր կարդալ Հայաստանի կառավարության կայքում հրապարակված Լեռնային Ղարաբաղի կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին հռչակագրի նախագիծը, ինչպես նաև նշված հռչակագրին աջակցելու մասին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայտարարության նախագիծը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի նախագիծը», – նշել է նա։

Այդ փաստաթղթերը քննարկվել են հայ-ադրբեջանական բանակցություններում՝ մինչև Երևանում 2018 թվականի մայիսին տեղի ունեցած իշխանության փոփոխությունը։ Կողմերից ոչ մեկը դրանք չի մերժել, թեև լիարժեք համաձայնության հասնել չի հաջողվել։ Զախարովայի խոսքով՝ բանակցությունները վարվել են կանոնավոր հիմունքներով մինչև 2018–2019 թվականները, երբ Փաշինյանի վարչակազմը փաստացի ընդհատել է առարկայական երկխոսությունը։ Նա հիշեցրել է, որ Երևանում այն ժամանակ սկսել են խոսել այն մասին, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումը Հայաստանի առաջնահերթությունն է։ Համապատասխան հայտարարություններն արվել են Փաշինյանի կողմից 2019 թվականի մարտին և օգոստոսին՝ Ստեփանակերտում, որի մեջ մտնում է նաև հայտնի «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը։

«Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո», – հավելել է Արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ հիշելով 2020 թվականի աշնանը տեղի ունեցած Երկրորդ Ղարաբաղյան պատերազմը, որը դադարեցվել է միայն Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։

Զախարովան ընդգծել է, որ այդ ժամանակվանից ի վեր ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի, ավելի ճիշտ՝ նրա ղեկավարության դիրքորոշումն է փոխվել։ Նա հիշեցրել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ վարչապետ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Ղարաբաղը։ Սակայն, ինչպես նշել է դիվանագետը, փաստաթղթում որևէ հիշատակում չի եղել տարածաշրջանի բնակչության իրավունքների, ազատությունների, շահերի կամ մտահոգությունների մասին։ Միևնույն ժամանակ, մոռացության է մատնվել նաև 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև ձեռք բերված ոչ պաշտոնական համաձայնագիրն այն մասին, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը կհետաձգվի ապագա սերունդների համար։

«Հրապարակված փաստաթղթերը համոզիչ կերպով ցույց են տալիս, որ բանակցությունների տարբեր փուլերում հնարավորություններ էին բացվում հակամարտության քաղաքական-դիվանագիտական լուծման և այնտեղ բնակվող մարդկանց շահերի հաշվառման համար։ Դա իրականացնելու համար պահանջվում էին ռազմավարական տեսլական և կողմերի քաղաքական կամք։ Միջնորդների խնդիրն է օգնել Բաքվին և Երևանին, այլ ոչ թե ամեն ինչ անել նրանց փոխարեն։ Հնարավորություններ եղել են և դրանք բաց են թողնվել, բայց դա մեր մեղքը չէ», – հայտարարել է Զախարովան։

Նրա խոսքով՝ հիմնական հարցն այն է, թե ով է պատասխանատու բաց թողնված հնարավորությունների համար։ «Թող այս հարցի վերաբերյալ Հայաստանի քաղաքացիներին պատասխանեն այս պետության ղեկավարները», – եզրափակեց դիվանագետը։

News.am