Логотип

ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին նրա տնտեսական բարեկեցության հիմքն է, ՀԱՊԿ-ին մասնակցությունը՝ անվտանգության երաշխիքը

Ռուսաստանը գործնականում հաստատում է Հայաստանի առանցքային առևտրային և ներդրումային գործընկերոջ կարգավիճակը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը:

«Մեր երկրին բաժին է ընկնում արտահանման մոտ 37 տոկոսը, իսկ ներմուծման՝ 32 տոկոսը։ Հայաստանում գործարկվել են ռուսական բիզնեսի ավելի քան 40 խոշոր նախագծեր՝ ավտոմոբիլաշինության, տրանսպորտի, նավթագազային ոլորտի, էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների և զբոսաշրջության բնագավառներում՝ ընդհանուր կուտակված ներդրումների ծավալը կազմելով 4 միլիարդ ԱՄՆ դոլար։ Իրականացվում են բազմաթիվ համատեղ կրթական և մշակութային նախաձեռնություններ։ Ռուսական ռազմական բազան և մեր սահմանապահները շարունակում են մնալ Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի անվտանգության հիմնական տարրերը», – ասել է նա։

Կալուգինը նշել է, որ Հայաստանի ղեկավարությունը ձգտում է Մոսկվայի հետ արտաքին քաղաքական կապերը «դիվերսիֆիկացնելու»:

«Դրանից փորձում է օգտվել ԵՄ-ն։ Մեր պատասխանը ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ամրապնդումն է։ Եվրասիական ինտեգրման առավելություններն ակնհայտ են. հսկայական «անխափան» շուկա, մաքսային արգելքների բացակայություն, հարցերի լուծում՝ անդամ երկրների շահերի փոխադարձ հարգանքի սկզբունքի վրա հիմնված։ Հայաստանի անդամակցությունը միությանը նրա տնտեսական բարեկեցության հիմքն է, իսկ մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ նրա անվտանգության երաշխիքը։ Ի տարբերություն արևմտյան երկրների՝ մենք կարողանում ենք համագործակցել իսկապես հավասար իրավունքների և փոխշահավետ հիմքի վրա, ակտիվորեն աշխատում ենք այն պետությունների և ինտեգրացիոն միավորումների հետ, որոնց վիճակված է ձևավորել գլոբալ հարաբերությունների ապագան։ Մենք ուժեղ Հայաստանի կողմնակիցներն ենք», — հավելել է նա։

Alpha News