Логотип

ՌԴ ԱԳՆ․ ՌԴ-ն ՀՀ-ի հետ հարաբերություններում ելնում է ինքնիշխան հավասարության դիրքորոշումից

Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում առաջնորդվում է ինքնիշխան հավասարության դիրքորոշումից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայկական լրատվական դաշտում տարածվող թեզերին «Մոսկվայի ավագության» և այն մասին, թե իբր ռուսական կողմը պատրաստ չէ հաշվի առնել Երևանի ինքնուրույն որոշումները:

«Մենք առաջվա պես ելնում ենք Հայաստանի հետ միավորող կապերից, այդ թվում՝ ժամանակակից մարտահրավերներին հանդիման, ընդհանուր արժեքների ու շահերի վրա հիմնված խորքային կապերից»,-նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Զախարովան ընդգծել է, որ դա թույլ է տալիս հարաբերությունները բնութագրել ոչ թե որպես գործընկերություն, այլ որպես դաշնակցություն, և պատասխանատու վերաբերվել հարաբերությունների կառուցմանը բոլոր դեպքերում և բոլոր ժամանակահատվածներում:

Նրա խոսքով՝ այն սկզբունքները, որոնց հիման վրա Ռուսաստանը կառուցում է հարաբերությունները Հայաստանի հետ (որոնց թվում են նաև միմյանց ինքնիշխանության և անկախության նկատմամբ փոխադարձ հարգանքը, ներքին գործերին չմիջամտելը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը), ամրագրված են երկկողմ հարաբերությունների համար հիմնարար փաստաթղթերում:

Նա ընդգծել է, որ բոլոր նրանք, ովքեր ինչ-որ հռետորաբանություն են հորինում ռուս պաշտոնյաների անունից, չեն հասկանում, որ դա ինքնանվաստացնող է։

Զախարովան հավաստիացրել է, որ ոչ մի անգամ, ոչ մի տեղ ռուս քաղաքական գործիչների և պաշտոնատար անձանց կողմից ո’չ բառապաշարի, ո’չ հռետորաբանության առումով, ո’չ գրավոր, ո’չ բանավոր, ո’չ հրապարակային, ո’չ էլ փակ դռների հետևում չի լսել կամ հանդիպել այնպիսի խոսքեր, որպիսիք նրանց վերագրում են։

Sputnik Արմենիա