Логотип

ՌԴ ԱԳՆ․ Ռուսական բիզնեսը մտահոգված է Սամվել Կարապետյանի կալանքի փաստով

Ռուսաստանցի ձեռնարկատերերը զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում, ինչը կապված է գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ–ի ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը զգուշացրել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտուրն այս տարի արդեն զգալիորեն կրճատվել է և 2025 թվականի արդյունքներով կարող է կազմել մոտ 6 մլրդ դոլար, ինչը 2024 թվականի ցուցանիշից կրկնակի պակաս է։

«Հայտնում ենք այն մտավախությունները, որ նման իրավիճակում մեր մյուս ձեռնարկատերերը սկսել են զգուշավոր գնահատել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները, հարցեր տալ նրա ներդրումային միջավայրի կայունության վերաբերյալ, ինչը հազիվ թե նպաստի երկկողմ առևտրի աճի պահպանմանը», – հայտնել է նա։

Միևնույն ժամանակ Կալուգինը հայտնել է, որ ՌԴ դեսպանատունը հյուպատոսական թույլտվություն է ստացել Կարապետյանին այցելելու համար. դիվանագետները վերջին անգամ գործարարին այցելել են դեկտեմբերի սկզբին: Ռուսական կողմը Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների հետ շփումների ժամանակ նշում է նաև, որ Կարապետյանն արդեն վեց ամիս է՝ կալանքի տակ է առանց դատարանի որոշման։

«Կարապետյանի վիճակի մասին ողջ անհրաժեշտ տեղեկությունը ստանում ենք փաստաբանների և հարազատների միջոցով: Նա հայտնում է բավարար առողջական վիճակի մասին, ցուցաբերում է լավատեսություն և պայքարի ոգի», – հավելել է նա:

Sputnik Արմենիա