Логотип

ՌԴ ԱՀԾ․ Լոնդոնն ուզում է տապալել Թրամփի խաղաղարար տրամադրվածությունը

Մեծ Բրիտանիան նախատեսում է տապալել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղարար տրամադրվածությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառյության մամուլի բյուրոն:

ԱՀԾ-ի տվյալներով՝ Լոնդոնում մտավախություն ունեն, որ Թրամփի խաղաղարար ակտիվությունը կարող է խափանել ուկրաինացիների արյան հաշվին հետագայում ևս գումար աշխատելու ծրագրերը, ուստի բրիտանացիները «ապահովագրող տարբերակ» են պատրաստել։

«Նախատեսվում է վարկաբեկելու միջոցով տապալել Թրամփի տրամադրվածությունը հակամարտությունը կարգավորելու հարցում։ Ստեղծվել են բրիտանական հետախուզության նախկին աշխատակից Կ.Սթիլի կեղծ «դոսյեների» վերակենդանացման ծրագրեր՝ Սպիտակ տան ղեկավարին և նրա ընտանիքի անդամներին խորհրդային և ռուսական հատուկ ծառայությունների հետ «կապերի» մեջ մեղադրելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ պատերազմական եկամուտները փաստացիորեն փրկում են բրիտանական տնտեսությունը սնանկացումից:

Թագավորության ռազմարդյունաբերական համալիրի երբեմնի խնդրահարույց ձեռնարկությունները վերածվել են ազգային արդյունաբերության «լոկոմոտիվի»։ BAE Systems և Thales UK ընկերությունները բազմամիլիարդանոց պայմանագրեր են ստանում Կիևի համար ռազմական նշանակության արտադրանքի համար։

«Նախատեսվում է ավելացնել ԱԹՍ-ների մատակարարումները ԵՄ երկրների միջոցների հաշվին։ Ակնկալվող եկամուտը ավելի քան վեց միլիարդ դոլար է»,- պարզաբանել են ԱՀԾ-ում։

Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայտնել էր, որ ուկրաինական կարգավորման ծրագիր է մշակել, բայց մանրամասներ չի հայտնում, քանի որ աշխատանքը դեռ շարունակվում է:

Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-ին ՌԴ անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ ԱՄՆ-ի ծրագիրը կարող է վերջնական կարգավորման հիմք դառնալ, բայց դրա տեքստը տվյալ պահին առարկայական չի քննարկվում ՌԴ-ի հետ: Նրա կարծիքով՝ ԱՄՆ վարչակազմին հավանաբար չի հաջողվում ստանալ Կիևի համաձայնությունը, քանի որ Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները մինչև հիմա պատրանքների մեջ են և երազում են Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնել մարտի դաշտում, մինչդեռ նրանց այդ դիրքորոշումը կապված է մարտադաշտում տիրող իրական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկությունների բացակայության հետ։

Sputnik Արմենիա