Հայաստանը, քաղաքական նկատառումներից ելնելով, ուզում է «պոկվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ հացահատիկի մի մասը գնելով Կիևից։ Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն։
«Երկար տարիներ Հայաստանը հացահատիկ է գնել Ռուսաստանից։ Այժմ հայերը, ինչպես ասում են, քաղաքական նկատառումներից ելնելով, «ուզում են պոկվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ անհրաժեշտ հացահատիկի մի մասը ձեռք բերելով Կիևից», – ասվում է հաղորդագրության մեջ։
ԱՀԾ–ն միաժամանակ նշել է, որ ուկրաինական հացահատիկը մեկուկես անգամ թանկ է ռուսականից։
«Սակայն, ինչպես ընդգծում է Երևանը, սկզբունքի հարց է՝ բարեկամությունը բարեկամություն, բայց փողը` առանձին։ Բրյուսելին առաջարկվում է փոխհատուցել ուկրաինական հացահատիկի ավելցուկային արժեքը։ Հետաքրքրականն այն է, որ ԵՄ-ին առաջարկվում է «երեքը մեկում» ակցիա՝ հացահատիկ Հայաստանի համար, աջակցություն Կիևին և անվստահության ստեղծում Մոսկվայի և Երևանի միջև», – նշել է ԱՀԾ–ն։
Ըստ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության` գլխավոր հարցն այն է, թե որտեղից փող վերցնել։
«Լավ կլիներ ուկրաինական հացահատիկի համար վճարել գողացված ռուսական ակտիվներով։ Բայց դրանք դեռ չի հաջողվում հափշտակել։ Բելգիան, որը այս «գողական խմբի» պահապանն է, կամակորություն է անում… ԵՄ-ն մտածում է` լավ կլինի վճարել և մոռանալ, ինչպես Նոր Կտակարանի հայտնի սյուժեում է։ Բայց Երևանին ստիպված կլինեն վճարել մշտական հիմունքով։ Ահա այսպիսի համբույր Երևանից», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Հայաստանի հացահատիկի 90%-ը ներմուծվում է Ռուսաստանից։ Հայաստանում ցորենի ինքնաբավությունը կազմում է 23.2%։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։
Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը։
ՌԴ տրանսպորտի նախարարության տվյալներով՝ մինչև 2026 թվականի հունվարի վերջ ռուսական ցորենի 132 վագոններ երկաթուղով Հայաստան կհասցվեն Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
Sputnik Արմենիա
