Логотип

ՌԴ դեսպան․ Հայաստանը և ՀԱՊԿ-ը կարող էին փոխզիջումային լուծումներ գտնել

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծում է, որ Հայաստանը և ՀԱՊԿ-ը կարող էին փոխզիջումային լուծումներ գտնել Երևանի և այս ռազմական դաշինքի միջև ծագած խնդրահարույց հարցերում։

«России-24»-ի հարցազրույցում Ռուսաստանի դեսպանը, անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) անդամակցության վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը, նշել է, որ վերջին օրերին ղեկավարության ներկայացուցիչների կողմից հրապարակային հայտարարություններ են եղել, մասնավորապես, այն մասին, որ սառեցված կարգավիճակը չի փոխվի։ «Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշմանը, մենք ելնում ենք այն բանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ։ Ինչ վերաբերում է սառեցված ձևաչափին, այն նախատեսված չէ կազմակերպության պայմանագրային-իրավական բազայում։ Մեր համոզմամբ՝ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու այլընտրանքային, հուսալի մեխանիզմ չկա։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ փոխգործակցության առումով առաջացած խնդիրներին, կարծում եմ, որ մենք միշտ կարող ենք լուծումներ գտնել ՀԱՊԿ անդամների շրջանակում՝ գործընկերային ձևով, այդ թվում՝ կուտակված խնդիրների փոխզիջումային լուծումներ»,- եզրափակել է ռուս դիվանագետը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ, ըստ նրա, կազմակերպությունը սպառնալիք է ներկայացրել հանրապետության ինքնիշխանությանը։ Անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ վարչապետը հայտնել էր, որ ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև հարաբերությունները անցել են անշրջելիության կետը։

News.am